loader
Նախարարի կիսատ-պռատ գրառումը

Նախարարի կիսատ-պռատ գրառումը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ Facebook-ի ստատուսը հատկապես առաջին դասարանցիների ծնողների շրջանում մտահոգությունների տեղիք է տվել: Նախարարը ծնողներին հորդորել էր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցնել, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար:

Հայտնել էր, որ ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որոնք առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում:

Այս գրառումից հետո Հայաստան 24-ի խմբագրությունը բազմաթիվ զանգեր ստացավ ծնողներից:

Նախարարի հայտարարությունը նրանց մոտ մի շարք հարցեր է առաջացրել: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք շփոթմունքի հեղինակ Կրթության և գիտության նախարարությանը:

ԿԳՆ լիցենզավորման գործակալության բաժնի պետ Մովսես Մովսիսյանի խոսքով՝ բարդ բան չկա, որ ծնողը հետաքրքրվի լիցենզիայի համար:

«Որ մտնեն հաստատություն, պատերին պետք է խփած լինի արտոնագիր ունենալու վկայականը»,- ասաց նա:

Նախարարությունը ստուգումներ է անցկացնում՝ պարզելու կրթական հաստատություններն արտոնագիր ունե՞ն, թե՝ ոչ:

Հարցին՝ ինչո՞ւ արտոնագիր ունեցող հաստատությունների կամ չունեցողների ցանկ չեն հրապարկում, Մովսես Մովսիսյանն արձագանքեց. «Ամբողջ հանրապետական դպրոցների ցանկը հրապարենք, որ լիցենզիա ունե՞ն: Բոլոր մասնավոր հաստատություններն արտոնագիր ունենալու մասին տեղեկատվոությունն իրենց կայքերում են տեղադրում, իսկ համայնքային հաստատությունները՝ քաղաքապետարանների կայքէջերում: Ծնողը հո չի՞ մտնի, տեսնի՝ այսինչ համարի դպրոցը լիցենզիա ունի, թե` ոչ: Ինքը երեխային տանում է, լիցենզիայի մասին պատին խփած է, դժվա՞ր է մի հատ կարդալ իմանալը»:

Գործակալության ղեկավարը հավաստիացրեց, որ այժմ դիմում են քաղաքապետարաններին, մարզպետարաններին, որպեսզի բոլոր կրթական հաստատություններն արտոնագիր ստանալու համար հայտ ներկայացնեն, հակառակ դեպքում առանց դրա չեն կարող կրթական գործունեություն իրականացնել: Այս ամենը վկայում է, որ նախարարի գրառումը կիսատ է և խառնաշփոթ է առաջացրել:

Հարկ է նկատել, որ նախարարն իր գրառումով մարդկանց շփոթմունքի առաջ կանգնեցնելու փոխարեն լավ կաներ արտոնագիր ունեցող կամ չունեցող հաստատությունների ցանկը հրապարակեր, և ոչ թե դպրոցի անօրինական կրթություն տալու բացահայտման գործը ծնողի ուսերին թողեր:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս