loader
Թատերականի ուսանողները ռեկտորի հրաժարականն են պահանջում. դասադուլ. լրացված

Թատերականի ուսանողները ռեկտորի հրաժարականն են պահանջում. դասադուլ. լրացված

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն այսօր դասի չեն նստել: Նրանք դասադուլ են անում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները պահանջում են ներկայացնել վերջին 4 տարիների ֆինանսական հաշվետվությունը` հստակ առանձնացված կետերով:

Դեռ մայիսին ուսանողները պահանջել են ռեկտորից մի շարք խնդիրներ լուծել կապված ուսումնական մեթոդիկայի նորացման և այլնի հետ: Ռեկտորն անտեսել է ուսանողների պահանջը: Իսկ օրերս ոստիկանության բացահայտումները՝ ինստիտուտում կատարված բազմաթիվ չարաշահումների վերաբերյալ, նրանց ոտքի է հանել:

«Այստեղ հավաքվել են ուսանողներ, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել ինստիտուտում: Կան դասախոսներ, որոնք չեն տիրապետում ժամանակակակից թատերական արվեստի տեխնիկային: Այդպիսիք շատ-շատ են: Մարդիկ ծեր են, նրանք իրենց անելիքներն արդեն արել են: Պետք է դիմում գրեն և գնան: Ուսումնական մեթոդիկան պետք է նորացվի, ոչ թե հնացած, փտած 50 տարի առաջ եղած մեթոդներն են ներկայացնում: Մենք 50 տարի հետ ենք մնացած միջազգային բոլոր կինո դպրոցներից: Երբ տեսնում ես, թե դրսում ինչպես են սովորում, ուղղակի նախանձից մեռնում ես»,- ասաց ուսանողներից մեկը: Նրանք վանկարկում են՝ «ռեկտոր Մուրադյան, հեռացի՛ր»:

Նրանք հաշվետվություն են պահանջել, թե ո՞ւր են գնում իրենց վարձավճարները: Հաշվետվությունից բացի, նրանք այլ պահանջ ևս ունեն: Ուսանողները Թատերական ինստիտուտի ռեկտորի՝ Դավիթ Մուրադյանի և ղեկավար կազմի հրաժարականն են պահանջում: Պնդում են՝ կշարունակեն դասադուլներն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանությունը հաղորդում տարածեց, որտեղ ներկայացված էին ինստիտուտում կատարված բազմաթիվ չարաշահումները: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Պարզվել է նաև, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

_______________________________________________________________________

11:30

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ընդունել է մոտ 50 ուսանողի, պատասխանել նրանց բարձրացրած հարցերին:

Մուրադյանը վստահեցրեց, որ ինքը չարաշահումների հետ որևէ կապ չունի:

«Ես կարծում եմ, որ չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա»,- նշեց ռեկտորը:

Նա նաև հայտնեց, որ պրոռեկտորներից մեկն ազատման դիմում է ներկայացրել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս