loader
Ղեկավարների 9 արարքներ, որոնց պատճառով հեռանում են լավագույն աշխատակիցները

Ղեկավարների 9 արարքներ, որոնց պատճառով հեռանում են լավագույն աշխատակիցները

Զարմանալի է, բայց շատ ղեկավարներ դժգոհում են, որ նրանցից հեռանում են լավագույն աշխատակիցները: Ցանկացած ընկերության համար արժեքավոր կադրերի կորստից ավելի վատ բան չկա: Կարելի է խնդիրները վերագրել ամեն ինչին, բայց փաստը մնում է փաստ. մարդիկ չեն հեռանում, եթե նրանց չի բավարարում աշխատանքը: Մարդիկ հեռանում են, եթե նրանց դուր չի գալիս ղեկավարը: Ի դեպ, խնդիրներից կարելի է խուսափել իրավիճակին այլ տեսանկյունից նայելու դեպքում:

Նախ և առաջ, պետք է հասկանալ, թե ղեկավարների որ գործողություններն են աշխատակիցներին ամենաշատը նյարդայնացնում:

1. Չափից շատ ծանրաբեռնվածությունը

եթե աշխատում եք լավագույն մասնագետների հետ, նրանցից առավելագույնը «քամելու» գայթակղությունը մեծ է, սակայն նման մոտեցումը մարդկանց շփոթմունքի մեջ է գցում. նրանց թվում է, որ իրենց պատժում են որակյալ աշխատանքի համար: Բացի դա, ծանրաբեռնվածությունը նվազեցնում է աշխատանքի որակը:

Եթե ձեզ անհրաժեշտ է տաղանդավոր աշխատակիցներին աշխատանքի հավելյալ ծավալ փոխանցել, ապա պետք է բարձրացնեք նրանց կարգավիճակը: Եթե դա չանեք, աշխատանքը կսկսի նրանց նեղություն տալ և արդյունքում նրանք կհեռանան: Պետք չէ հույս ունենալ, որ տաղանդավոր մարդիկ ավելի շատ կաշխատեն, քան մյուսները: Ամենայն հավանականությամբ նրանք կգնան այնտեղ, որտեղ նրանց ավելի շատ կգնահատեն:

2. Լավ աշխատանքի պարգևատրման և ճանաչման բացակայությունը

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ոգևորող խոսքերը ոչինչ չեն նշանակում լավագույն աշխատակցի համար, ով ունի ներքին մոտիվացիա: Սա խաբուսիկ տպավորություն է, քանի որ գովասանքի խոսքեր բոլորն են սիրում, հատկապես նրանք, ովքեր աշխատանքին մինչև վերջ են տրվում: Ղեկավարները պետք է հաճախակի շփվեն իրենց աշխատակիցների հետ  և պարզեն, թե ինչպես կարող են ոգևորել և պարգևատրել նրանց հաջողությունների համար: Հիշեք, որ հատկապես տաղանդավոր աշխատակիցների դեպքում դա պետք է ավելի հաճախակի անեք:

3. Մարդկային հոգատարության բացակայությունը

Աշխատակիցների կեսից ավելին հեռանում են իրենց աշխատավայրերից, քանի որ չեն կարողանում վստահելի հարաբերություններ կառուցել ղեկավարության հետ: Խելացի ղեկավարները կարողանում են պահպանել պրոֆեսիոնալիզմի և մարդկայնության միջև հարաբերակցությունը: Նրանք աշխատակիցների հետ տոնում են նրանց հաջողությունները, փորձում օգնել նրանց, եթե դժվարություններ ունեն: 

4. Պարտավորությունների չկատարում

Աշխատակցին ինչ որ բան խոստանալով, կարող եք երջանկացնել կամ էլ հիասթափեցնել նրան: Կատարելով խոստումը, արդարացնում եք վստահությունը և աճում նրա աչքերում, ինչը շատ կարևոր է: Հրաժարվելով խոստումից, աշխատակցի աչքում դառնում եք մեկը, ով չի հարգում ուրիշների զգացմունքները: Եթե ղեկավարը չի կատարում իր խոստումները, վաղ թե ուշ բոլոր աշխատակիցները սկսում են հետևել նրա օրինակին:

5. Ոչ համապատասխան մասնագետների վարձում և առաջխաղացում

Աշխատասեր աշխատակիցները ցանկանում են իրենց կողքին նման մարդկանց տեսնել: Եթե ղեկավարը հոգ չի տանում այն մասին, թե ինչպիսի կադրեր է ընտրում, դա հակառակ ազդեցություն է ունենում ընկերությունում աշխատողների վրա: Ոչ համապատասխան մասնագետների առաջխաղացումը վատ հետևանքներ կունենա: Մարդը, որը համառորեն աշխատում է, սակայն մնում է առանց պաշտոնի բարձրացման, կվիրավորվի և իր տաղանդի համար նոր կիրառություն կգտնի:

6. Խոչընդոտներ երազանքին տանող ճանապարհին

Տաղանդավոր մարդիկ տարված են իրենց գործով: Նրանք հույսեր ու երազանքներ ունեն, որոնց ձգտում են: Դա թույլ է տալիս ջանքեր թափել և հաճույք ստանալ աշխատանքից: Շատ ղեկավարներ սահմանափակում են իրենց աշխատակիցներին: Նրանք վախենում են, որ մարդիկ, տարված իրենց երազանքով, ավելի վատ կաշխատեն: Սակայն սա որևէ կերպ հիմնավորված չէ: 

7. Վերապատրաստման բացակայությունը

Ղեկավարները պետք է ղեկավարեն անկախ նրանից, թե որքան տաղանդավոր են նրանց ենթակաները: Նրանք պետք է մշտապես լսեն և իրենց կարծիքը հայտնեն: Ղեկավարման գործընթացը անվերջանալի է: Եթե ունեք տաղանդավոր աշխատակից, ապա պետք է որոշեք նրա զարգացման ուղին: Լավագույն մասնագետները հույս ունեն հետադարձ կապի վրա և դուք պարտավոր եք այն տրամադրել: 

8. Հակազդում եք ստեղծագործական մոտեցմանը

Տաղանդավոր աշխատակիցները ձգտում են բարելավել այն, ինչի ձեռք են տալիս: Եթե դուք թույլ չեք տալիս դա անել, վախենալով նորամուծություններից, նրանք արագորեն կատեն իրենց աշխատանքը: Ստեղծագործական պայթյունները զսպելու փորձերը կվնասեն բոլորին, այդ թվում ղեկավարին:

9. Բարդ և հետաքրքիր խնդիրների բացակայությունը

Լավագույն ղեկավարները երբեմն իրենց աշխատակիցներին տալիս են խնդիրներ, որոնք առաջին հայացքից անհնարին են թվում:  Նրանք փորձում են մարդկանց դուրս բերել հարմարավետության գոտուց, իսկ հետո առավելագույն ջանքեր են գործադրում օգնելու նրանց հաջողության հասնելու համար: Եթե տաղանդավոր և խելացի մարդիկ ստիպված են զբաղվել հեշտ կամ ձանձրալի գործով, նրանք կսկսեն փնտրել նոր աշխատանք իրենց ունակությունները փորձելու համար: 

Որպես վերջաբան. եթե չեք ցանկանում ձեռքից բաց թողնել արժեքավոր կադրերին, պետք է վերանայեք ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ: Հիշեք, որ տաղանդը տալիս է ընտրության անսահմանափակ հնարավորություն: Արեք այնպես, որ նրանք ընտրեն հենց ձեզ:

Պատրաստեց Լուսինե Առաքելյանը

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս