loader

Ակցիայի մասնակիցները ներխուժեցին մամուլի ասուլիսի սրահ. ուղիղ. թարմացվում է

«Պրիվետ Ռոբ» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնողները ներխուժեցին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, որտեղ հրավիրված է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Նրանք «մարդասպան», «Պրիվետ Ռոբ» վանկարկումներով թակեցին մամուլի սրահի դռները, այնուհետև մտան ասուլիսի սրահը:

Ակտիվիստները պահանջում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր արժանի պատիժը ստանա և ցմահ ազատազրկվի:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարեց երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և ազատ արձակեց նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է:

Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա:

_____________________________________________________________________________________________________

12:29

«Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները դուրս եկան «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնից՝ այսպիսով տապալելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

_____________________________________________________________________________________________________

12:32

Ակցիայի մասնակիցներն այժմ երթով շարժվում են Կառավարություն՝ ողջունելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այնուհետև նրանք երթով կշարժվեն Դատախազություն: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Դատախազությանը: Ակցիային մասնակցում են նաև «Մարտի 1»-ի զոհերի հարազատները:

_____________________________________________________________________________________________________

12:45

Ակցիայի մասնակիցներն այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են: 

_______________________________________________________________________________

13:24

Ակցիայի մասնակիցները  շարժվեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք, որտեղ իրենց հետագա անելիքները կներկայացնեն:Նրանք ստորագրահավաք կազմակերպեցին ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանան միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս