loader
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր մարմնի և քարտուղարության հայտարարությունը.

«Հաստատելով ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) և  Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) կողմից բազմիցս ընդգծված այն նշանակալից դերը, որ ունի քաղաքացիական հասարակությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության մեջ, այդուհանդերձ, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում ՀԱՊ-ի առաքելությամբ, պատասխանատվությամբ և կազմակերպական սկզբունքներով նախատեսված գործունեությունն իրականացնելու հնարավորությունների բացակայության կապակցությամբ։

ԱլԳ վերջին գագաթնաժողովի հռչակագրում (Բրյուսել, 24/11/2017) վերահաստատվեց Արևելյան գործընկերության համար քաղաքացիական հասարակության հետ մասնակցային ներգրավվածության կարևորությունը՝ այդ թվում  Քաղաքացիական հասարակության ֆորումի միջոցով:

Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցչի համատեղ աշխատանքային փաստաթղթում նշված 2020 թվականի համար ԱլԳ 20 թիրախային արդյունքները ներառում են ակտիվ քաղաքացիական հասարակությունը՝ որպես միջոլորտային թիրախային արդյունք։ Փաստաթղթում ընդգծվում է նաև ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումին և նրա ազգային պլատֆորմներին ցուցաբերվող ԵՄ հետևողական աջակցությունը:   

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը ԱլԳ միջկառավարական բոլոր մակարդակի հանդիպումներում ներկայացված մշտական դիտորդ հանդիսացող քաղաքացիական հասարակության միակ կառույցն է: 

ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (2017թ. նոյեմբերի 24) նախատեսում է Քաղաքացիական հասարակության երկկողմանի պլատֆորմի հիմնում՝ որպես հանդիպումների և տեսակետների փոխանակման հարթակ, իսկ ԱլԳ ՔՀՖ Ագգային պլատֆորմը նշված է իբրև դրանում հատուկ դեր ունեցող միավոր:

ԵՄ-ի և ՀՀ կառավարության համար անփոխարինելի գործընկեր, բարեփոխումների շարժիչ և հաշվետվողականությունը խթանող լինելու համար ՀԱՊ-ը, ինչպես նշված է մի շարք փաստաթղթերում, կարիք ունի հզորացնել իր տեխնիկական փորձագիտությունը և կառավարման կարողությունները:

Հայաստանի ազգային պլատֆորմն իր գոյության 8 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես գործուն, մասնակցային կառույց, որտեղ իրականացվում են սկզբունքային բանավեճեր, ակտիվ հաղորդակցություն, մշակվում և հրապարակայնորեն ներկայացվում են դիրքորոշումներ երկրի կյանքում տեղի ունեցող առավել հրատապ հիմնախնդիրների վերաբերյալ։ Անգամ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների անորոշության ժամանակահատվածում (2013-2016) Պլատֆորմը շարունակում էր գրավիչ լինել Հայաստանի եվրոպական ընտրության կողմնակից կազմակերպությունների համար: Այսօր ՀԱՊ-ը միավորում է 250 կազմակերպություն` ԱլԳ երկրներից ավելի ներկայցուցչական է միայն Ուկրաինայի պլատֆորմը։ 

Չնայած միջոցների մշտական սղությանը, ՀԱՊ-ը և իր անդամները փորձագիտական ներդրում են ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման օրակարգում,  որոշումների կայացման գործում հայաստանյան քաղաքացիական հասարակության ներգրավվածության առավել արդյունավետ ձևերի որոնման, ԵՄ- ՀՀ համագործակցության կարևորության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման գործում։ Մասնավորապես, դեռևս մինչև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումը, Պլատֆորմը մշակել և հրապարակել է «Երկխոսության օրակարգ» խորագրով վերլուծական հոդվածների ժողովածու, որտեղ ՀԸԳՀ և «20 թիրախային արդյունքներ 2020 թվականի համար» աշխատանքային փաստաթղթի համատեքստում ներկայացվել են Հայաստանում իրավիճակի վերլուծությունը, մանրամասն մեկնաբանություններ և առաջարկություններ են արվել Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունների իրականացման  վերաբերյալ։ Հետևողական աշխատանք է տարվել ՀՀ-ում եվրոպամետ բարեփոխումների առաջխաղացմանը ԵՄ երկրների գործընկերներին ներգրավելու ուղղությամբ։

ՀԱՊ-ի առջև ծառացած նոր խնդիրների լուծումը սկզբունքորեն անհամատեղելի է 2017 թվականի հոկտեմբերից Պլատֆորմի ֆինանսավորման լիակատար բացակայության հետ։ Եվ մինչև 2019 թվականը նախատեսված չէ աջակցության որևէ եղանակ։ Նմանօրինակ դժվարություններ Պլատֆորմի գործունեության ընթացքում նախկինում ևս պատահել են, սակայն այն երբեք չի հայտնվել այնպիսի մի իրավիճակում, երբ միջոցներ չի ունեցել անգամ Կազմակերպական սկզբունքներով նախատեսված պարբերական համաժողովների անցկացման համար։ Եվ դա տեղի է ունենում այնպիսի պատասխանատու ժամանակահատվածում, երբ Հայաստանի ազգային պլատֆորմից ակնկալվում են առանձնահատուկ ակտիվություն և նշանակալից ներդրում ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի իրականացման գործընթացում, ինչը մեր կողմից դիտարկվում է որպես երկկողմանի հարաբերությունների զարգացմանը հակասող իրավիճակ։

Այն հանգամանքը, որ ՀԱՊ գործունեության փաստացի սառեցումը տեղի է ունենում Եվրոպական միության կողմից ընդհանուր առմամբ Հայաստանի ոչ կառավարական հատվածին ցուցաբերվող աջակցության մեծացման ֆոնին, ոչ մի կերպ չի նպաստում ՀԱՊ անդամների համախմբմանը միասնական առաքելության իրագործման շուրջ։

Սույն հայտարարությունը պետք է առաջին հերթին դիտարկվի որպես հասարակությանը, գործընկերներին և Պլատֆորմի բազմաթիվ անդամներին ստեղծված իրավիճակի պարզաբանում, թե ինչով է պայմանավորված ՀԱՊ գործադիր մարմնի և քարտուղարության պասիվությունը: Միևնույն ժամանակ հաստատում ենք ակտիվ քայլեր կատարելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու մեր  պատրաստակամությունը՝ հույս պահպանելով, որ բոլոր նրանք, ումից կախված է խնդրի լուծումը, կհասնեն ստեղծված իրավիճակի անընդունելի լինելու գիտակցմանը»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս