loader
Ամբողջ օրը լարված վիճակ է, մեղք են, վարկեր ու պարտքերի տակ են. պղնձաձուլարանի աշխատակից. լուսանկարներ

Ամբողջ օրը լարված վիճակ է, մեղք են, վարկեր ու պարտքերի տակ են. պղնձաձուլարանի աշխատակից. լուսանկարներ

Թեև «Վալլեքս» գրուպ ընկերությունը 2 ամսով կրկին երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերը, բայց գործարանի ճակատագիրը դեռ պարզ չէ: Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ամենօրյա կապի մեջ է գործարանի տնօրինության հետ, բայց դեռ սպասողական վիճակում են:

Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 500 աշխատակիցներն արդեն յոթ ամիս գտնվում են հարկադիր պարապուրդում և վճարվում են աշխատավարձի 2/3-րդի չափով։

«Անընդհատ փնտրտուքների, լուծման ճանապարհներ փնտրելու, գտնելու ընթացքի մեջ են, այնպես չէ, որ ձեռքերը ծալած նստած են, տեսնենք՝ ինչ կլինի»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց նա:

Խեչումյանի խոսքով՝ ալավերդցիներին առաջին հարվածը «Թեղուտն» է հասցրել, երբ դադարեցրեց աշխատանքը, իսկ այնտեղ աշխատողները կորցրեցին գործը, երկրորդ հարվածը պղնձաձուլարանը հասցրեց: Քաղաքապետը, սակայն, հուսադրող նորություն ունի ալավերդցիների համար. ասում է՝ «Թեղուտը» հնարավոր է շուտով գործարկվի: Խոսքը, բայց կարճ է կապում, ու փակագծեր դեռ չի շտապում բացել:

Նշենք, որ Թեղուտի հանքավայրից անցած տարի զրկվեց «Վալլեքս» ընկերությունը՝ ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի պատճառով:

«Հեսա շուտով՝ 1 ամսից «Թեղուտը» բացվում է, գնալու եմ, այնտեղ աշխատեմ»,- առանց մանրամասնելու նույնն է կրկնում հանքի աշխատակիցներից մեկը:

Փորձագետները բազմիցս բարձրաձայնել են, որ պղնձաձուլարանի շահագործման հետևանքով շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը վտանգվում է: Մինչև «Թեղուտը» կգործի՝ անորոշ է պղնձաձուլարանի հետագա ճակատագիրը: Պղնձաձուլարանի փակումը մեծ նշանակություն է ունեցել ալավերդցիների սոցիալական վիճակի վրա:

Ծանր է ալավերդցի տիկին Մարիետայի ընտանիքի վիճակը: Որդին այնտեղ է աշխատել, բայց մի քանի ամիս է՝ տան միակ աշխատող ձեռքը փող չի բերում: 2 անչափահաս թոռներն իր թոշակով են հիմա ապրում: Նրա խոսքով, եթե առաջիկայում որդու աշխատանքի հարցը չլուծվի, ստիպված են հեռանալ երկրից:

«Բարեկամներ կան և՛ Ռուսաստանում, և՛ արտերկրում, կանչում են, որտեղ ստացվի, այնտեղ էլ կգնան»,- ասաց նա:

Երբ փորձագետները կարծիքներ են փոխանցում, որ պղնձաձուլարանի գործունեությունն իրենց առողջությունն ու շրջակա միջավայրն է վտանգի տակ դնում, կինն ավելի է վրդովվում:

«Առանց վտանգի օգուտ չի լինում: Մեր պապերն էլ այստեղ են աշխատել: Լավա կուշտ մեռնենք, քան սոված»,- ասաց նա:

Ալավերդցիների գնահատմամբ՝ մեկ տարի անց իրենց կյանքում դրական փոփոխություն չի եղել, մի բան էլ ավելի է վատացել. «Մարդիկ չեն կարողանում ընտանիքներ պահել: Ամբողջ օրը լարված վիճակ է, մեղք են, վարկեր ու պարտքերի տակ են»:

Քաղաքապետն էլ է քաջ գիտակցում բնապահպանական խնդիրների մասին: Վստահ է, եթե գործարանը բոլոր բնապահպանական նորմերը պահպանի, չի գտնվի մեկը, ով դեմ լինի գործարանին: Աշխատանքի եռուն ժամերին ալավերդցի երիտասարդներին դրսում կարելի է հանդիպել: Պղնձաձուլարանի նախկին աշխատակիցներն են: Խոսելու տրամադրություն չունեն, ասում են՝ անելանելի վիճակում են: Գործարանի նախկին աշխատակից Անդրանիկն արդեն այլ տեղ է աշխատում: Նոր գործից գոհ է՝ հասցնում է 2 տեղ աշխատել: Նրա կարծիքով՝ մարդիկ պետք է ջանք թափեն և իրենք աշխատանք նախաձեռնեն:

«Այլընտրանքային աշխատանք չեն փնտրում: Մարդ պետք է, ասել Նիկոլի, նախաձեռնող լինի և իր քայլն անի»,- նկատեց երիտասարդը:

Իսկ ալավերդցի Վաչագան Գալստյանը դրական փոփոխություն չի նկատում: Հարևան շենքի՝ վաճառքի հանված բնակարանի ցուցանակն է ցույց տալիս և ասում՝ գնում են ու գնում:

Ալավերդցիներին տեղում պահելու համար քաղաքապետը ելքեր է որոնում: Մտածում է տուրիզմը զարգացնել: Նրա խոսքով՝ բոլոր նախադրյալներն ունեն: Մտքերն արդեն թղթին է փոխանցել և իշխանությանը փոխանցել: Իսկ օրեր առաջ պղնձաձուլարանի սեփականատերը դիմել է ալավերդցիներին և դիմանալու կոչ արել, բայց չի հստակեցրել, թե ինչ է սպասվում գործարանին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս