loader
Անցան դարեր...

Անցան դարեր...

«(Հայոց) Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:

Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր: Վիճակավորները` հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:

Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են:

Ժողովրդականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:

Զինվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:

Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:

Դատավորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած: Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնությունը. գարունը երաշտ, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև: Քամիները` բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը՝ կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն՝ անժամանակ և անօգուտ. եղանակը՝ դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը և չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլ երկրաշարժեր և սասանումներ:

Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա: Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները՝ զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն: Որից փրկե Քրիստոս Աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փառք բոլոր աստվածներից, ամեն»:

Մովսես Խորենացի, մ.թ. V դար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս