loader
Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել. Զոհրաբ Մնացականյան

Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել. Զոհրաբ Մնացականյան

Ամենակարևոր պատգամը վճռականությունն է՝ արդարությունը վերականգնելու համար: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Տարբեր երկրներում այս օրը բազմաթիվ միջոցառումներ են լինում, երբ մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ հավաքվում են և իրենց տուրքն են մատուցում»,- նկատեց Մնացականյանը:

Դիտարկմանը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, կարծես թե, կանգ է առել, նախարարն արձագանքեց․ «Ինչպե՞ս թե կանգ է առել: Իտալիայից նորություններ չե՞ք լսում: Երկրորդը՝ ինչպե՞ս կարող է կանգնել: Երրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը, ի դեպ, ոչ միայն քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաև քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու»:

Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի այս բարձր հեղինակությունը, լեգիտիմությունը՝ հնարավո՞ր է Երևանը հաշտեցման նոր գործընթաց սկսի, պարտադրի Անկարային բացել սահմանները, արտգործնախարարը պատասխանեց․ «Վստահ եմ՝ դուք լսում և հետևում եք այն ամենին, ինչ որ գալիս է պաշտոնական Անկարայից, և դրանք շատ հուսադրող չեն»:

Դիտարկմանը, թե այդ գործընթացի համար նախապայման է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա արձագանքեց, որ երբևէ չեն ասել, որ դա նախապայման է:

ԱԳ նախարարը նկատեց, որ ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում  է ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկը:

«Առնվազն 21 տարի մենք հետևողականորեն միջազգային օրակարգում տանում ենք առաջ Ցեղասպանության կանխարգելման հարցը: Դա չի կապվում անմիջապես մեկ ցեղասպանության հետ, դա կապվում է մեկ բանի հետ, որ ցեղասպանությունը կանխարգելելը միջազգային պարտավորվածություն է: Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ին եղավ հերթական ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումը: Դուք գիտեք, որ Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր ՄԱԿ-ի օրակարգում: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, որոնք զարգացնում են իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Սա շարունակական գործընթաց է, որը երբևէ կանգ չի առնելու: Մենք գիտենք ցեղասպանության գինը, մենք գիտենք, թե որքան ծանր բան է այն: Արդեն մեր ժողովրդի 4-5 սերունդ տանում է այդ ցավն իր մեջ, իրենց մեջ տանում է այդ դժբախտությունը, և դա ի հայտ է բերում ամենակարևոր պատգամը, որ ժխտված, մերժված արդարությունը չի կարող կորել, որ անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս