loader
Ապրիլի իրավունքով

Ապրիլի իրավունքով

Իմ Տելեմաքոս, Տրոյական պատերազմը արդեն ավարտված է։ Թե ով հաղթեց՝ լավ չեմ հիշում։ Գուցե մերո՞նք. լոկ հույներն են կարող պատերազմում այդքան մեռյալ թողնել իրենց տունուտեղից հեռու...

Իոսիֆ Բրոդսկի. 1972

Սերժին մերժելու են դուրս եկել երիտասարդները` աներևակայելի լավը, հուզելու չափ սիրուն ու ամուր։ Զարմանալու բան է` որտեղի՞ց այսպիսի երիտասարդներ։ Ինչպե՞ս է լինում, որ անհուսալի բարոյալքության ու կեղտի մեջ ծիլը չի չորանում, մի բան էլ պայքարում է ծաղկելու իր իրավունքի համար։

Այս երիտասարդներից խլել են ամեն ինչ` խաղահրապարակից մինչև կրթության իրավունք` ներառյալ մաքուր օդ շնչելու, առողջ հաց ուտելու, հանգստի, խաղաղ երկնքի, աշխատանքի, մարդավայել տրանսպորտից օգտվելու իրավունքները։ Այս երիտասարդներից շատերն իրենց հայրերին տեսել են տարին մեկ անգամ, որովհետև այդ տղամարդիկ տարիներ շարունակ մնացել և աշխատել են արտերկրում իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու համար։ Այս երիտասարդներից շատերը տեսել են իրենց մայրերի ստորացումը` չափազանց շատ աշխատելու, չափազանց քիչ վճարվելու մեջ և դրանից դուրս նաև։ Այս երիտասարդները ցանկացած պետական ու մասնավոր դուռ բախելիս հանդիպել են ապօրինության և անարդարության։ Այս երիտասարդների ուսերին ծանրացած է 6.7 միլիարդ դոլարի շեմը հատած արտաքին պարտք։ Աչք բացելու օրից նրանք տեսել են Հանրապետական, Դաշնակցություն և Բարգավաճ Հայաստան կուսակցություններ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Գարեգին Բ կաթողիկոս։

Ինչպե՞ս են կարողացել այս երիտասարդները մեդիագրագիտության տարածման և ուսուցման իսպառ բացակայության պայմաններում լինել քաղաքականապես այսքան հասուն։ Սաքուլիկների հաղթարշավից հետո ինչպե՞ս են հաջողել սրտներն այսքան մաքուր պահել։ Ինչպե՞ս են կարողացել բանակում չծառայած իրենց բակի, դասարանի, կուրսի տղաների գոյությունը, Հայաստան-Արցախ մխտռված եզրույթը ոտքի տակ գցել և կյանքի գնով պահել իրենց վստահված մի կտոր հողը։ Այս երիտասարդները տեսել են քաղցած ու հիվանդ ազատամարտիկների, ականատես են եղել ազգային հերոսի քաղաքական հետապնդմանը։ Այնուամենայնիվ, նրանցից հարյուրը երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքն են տվել, որպեսզի Հայաստանը լինի։ Մեր ամեն խաղաղ օրը արժե մեկ երիտասարդի կյանք։ Բայց այդ տղաներին հողը դնելուց հետո շատ արագ մոգոնեցին սահմանադրական բարեփոխումներ կոչվող պետական ծրագրված դավաճանությունը, որպեսզի ապահովեն հողը, երկիրը, զինվորին, մորն ու երեխային, գյուղացուն ու քաղաքացուն վաճառքի հանած Սերժ Սարգսյանի իշխանությունը։

Մարինա Բաղդագյուլյան

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս