loader
Ապրում եք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ հարցին չեք տիրապետում. վարչապետ

Ապրում եք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում և ամենապրիմիտիվ հարցին չեք տիրապետում. վարչապետ

Մեր խնդիրն է ագրարային երկրից դառնալ արդյունաբերական: Այսօր Արարատի մարզի ներկայացուցիչների և համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, խոսելով գյուղատնտեսության մասին, նշեց, որ պետք է միևնույն ժամանակ խրախուսեն, որ հողագործությունը զարգանա: Նա կարևորեց գյուղատնտեսության ոլորտում հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը:

«Արդյունավետության աճ ասելով նկատի ունենք, որ հողը պետք է մշակվի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա, որ գյուղացիները շոշափելի եկամուտ ստանան: Պետք է հասնենք նրան, որ գյուղացին գյուղատնտեսությամբ զբաղվի, և ոչ թե ապրի ծայրը ծայրին հասցնելով, այլ՝ բարեկեցիկ»,- նշեց նա:

Փաշինյանը պատմեց, որ մեկ անգամ եղել է Լեհաստանում և զարմացել է, թե ինչպես են տեղի բնակիչները խնձոր մշակելով այնպիսի առանձնատներ կառուցել, որոնցից Հայաստանում միայն օլիգարխներն ունեն:

«Ճանապարհներին նորաոճ ճոխ տներ են, երբ հարցրեցի, թե ո՞ւմ տներն են, ասացին՝ ֆերմերների: Հետո նաև ասացին՝ տեսեք՝ այս խնձորի այգիների տերերինն է այդ տները: Այդ խնձորի այգիները նման էին մեր խաղողի այգիներին»,- հիշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ագրարային ոլորտում պետք է նորագույն տեխնոլոգիաներ ներդրվեն:

«Մենք գյուղացուն չենք սովորոցնելու, թե կովն ինչպես կթի, հողն ինչպես մշակի, բայց համարձակություն ունենք ասելու, որ 21-րդ դարում արդեն հին մեթոդներով չենք հասնի այն արդյունքներին, որոնք ժամանակակից աշխարհում կան: Չենք ասի՝ կովին ինչպես կթեն, բայց բերքատվության հարցում ժամանակակից տեխնոլոգիաների մասին տեղեկացնելը մեր պարտականությունն է: Պետք է նաև ֆինանսական աջակցություն ցույց տալ՝ նպաստելով նաև մեր սննդամթերքի անվտանգությանը՝ էկոլոգիապես մաքուր արտադրանք տալուն»,- շեշտեց վարչապետը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրեց, որ նախորդ իշխանություններից ծանր ժառանգություն են ստացել և գյուղատնտեսության ոլորտում կուտակված խնդիրները 1-2 տարում լուծելն անհնար է: Նա ներկայացրեց, որ քայլեր են ձեռնարկում ոռոգման ջրի հարցը լուծելու կապակցությամբ:

Վարչապետը լսեց կատարված ծրագրերի մասին և հետաքրքրվեց, թե մարզում ֆերմերների քանի՞ տոկոսն են օգտվում կաթիլային ոռոգման համակարգից և ինչքա՞ն հակակարկտային ցանցեր կան տեղադրված: Փաշինյանի հարցին մարզի պատասխանատուներից ոչ ոք չկարողացավ սպառիչ պատասխան տալ, ինչը զայրացրեց նրան:

«Տեսեք՝ ապրում եք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում, և ամենապրիմիտվ հարցին չեք տիրապետում: Այսինքն՝ պետք է սկսենք ստեղից, մենք չգիտենք՝ ինչ է կատարվում և ուզում ենք ինչ-որ բան կատարենք, այդպես չի լինի»,- ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է գյուղվարչության պետը, Գարիկ Սարգսյանը փորձեց բացատրել, ինչին ի պատասխան Փաշինյանը բարկացավ. «Բա վարչապետը գալիս ա մարզ՝ հանդիպում ունենալու, գյուղվարչության պետը գնացել  է իրանց տո՞ւն... Ամեն ինչ չի, որ ասելով ա, պետք է նաև սեփական տրամաբանությամբ հասկանալ»:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս