loader
Արմեն Սարգսյան. Առողջապահական համակարգը պետք է  Երևանի կենտրոնից շրջաններ գնա

Արմեն Սարգսյան. Առողջապահական համակարգը պետք է Երևանի կենտրոնից շրջաններ գնա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 29-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում էր՝ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը կարևորեց կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը:

 «Մենք պետականորեն պետք է կազմակերպենք, որպեսզի հաշմանդամները վերադառնան արժանապատիվ կյանք և ոչ թե իրենց ողջ կյանքում օգնություն ստանան: Օգնություն ակնկալելու հոգեբանությունից պետք է դուրս գալ»,-հորդորեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր առաջարկը կքննարկի նաև ՀՀ վարչապետի հետ:

«Այստեղ առողջությունը վերականգնած մարդը, որը նաև այս ընթացքում մասնագիտական որակներ է ձեռք բերել, պետք է առավելություն ստանա գործատուների կողմից: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է: Պատկերացրեք Հայաստանում աշխատող բազմաթիվ ընկերություններ երեք, չորս, հինգ հոգու աշխատանքի հրավիրեն և նորմալ աշխատավարձ տան: Այս մարդիկ իրենց աշխատանքով կապրեն, այլ ոչ թե օգնություն կստանան»,-նշեց նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տղաների խնդիրներն առողջության վերականգնմամբ չեն ավարտվում: «Նրանցից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, իրենց կյանքը վտանգի տակ դրած տղաներն այսօր ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Այս տղաների թոշակը պետք է արժանի լինի իրենց նվիրումին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ բարի աշխատանքի ծավալը պետք է մեծանա, և նման վերականգնողական կենտրոններ պետք է գործեն նաև հեռավոր շրջաններում:

 «Առողջապահական համակարգը պետք է բազմապատկվի և Երևանի կենտրոնից շրջաններ գնա: Վիրավոր մարդկանց Հայաստանի հյուսիսից, հարավից, Ղարաբաղից  այստեղ բերելը շատ դժվար է»,-ասաց  Սարգսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս