loader
«Ասողի» ինստիտուտը պետք է իսպառ բացառել. Նիկոլ Փաշինյան

«Ասողի» ինստիտուտը պետք է իսպառ բացառել. Նիկոլ Փաշինյան

Մենք թևակոխել ենք նախընտրական փուլ: Ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Այսօր կառավարության նիստում մինչև օրակարգին անցնելը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք խնդիր են դրել, որ Երրորդ հանրապետության ամենաորակյալ և լավագույն ընտրություններն անցկացնեն: Փաշինյանի կարծիքով՝ այդ նշաձողը պետք է բարձրացնել՝ ոչ թե Երրորդ հանրապետության լավագույն ընտրություններն անցկացնել, այլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Այս ընտրություններում պետք է բացառենք վարչական ռեսուրսի կիրառումը՝ մասնավորապես նախկինից հայտնի հանրակրթության ոլորտը, որն ամբողջովին ներքաշվում է քաղաքական և քարոզչական պրոցեսներում: Պետք է սա լիարժեքորեն բացառել: Այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, որով վարչական լծակներն օգտագործում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու: Մեր ընտրություններում եղել է, այսպես կոչված, «ասողների» ինստիտուտը, ովքեր ասում են, թե ում օգտին քվեարկել: Այդ երևույթը պետք է իսպառ բացառել»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ընտրությունը պետք է արտահայտի ժողովրդի կամարտահայտությունը: Փաշինյանը շեշտեց, որ պետք է բացառել անգամ մի քվեաթերթիկի՝ սխալ տրցակում տեղադրելը: Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ պետք է բացառել նաև ընտրակաշառքն՝ ուղղակի և անուղղակի դրսևորումներով:

«Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները, մասնավորապես, Ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև կանխելու այդ երևույթը: Բոլորս պետք է հասկանանք, որ այդ երևույթը մեր իրականության մեջ չի կարող տեղ ունենալ: Ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա փողով կամ նյութական այլ միջոցներով ազդելու որևէ փորձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև ընտրացուցակների խնդրին և նշեց, որ դրա պատասխանատվությունը ոստիկանությունն է կրում:

«Նախորդ ընտրություններին գիտենք, որ ընտրողների միգրացիա է տեղի ունենում մի ընտրատարածքից մյուսը: Այս երևույթը պետք է իսպառ բացառել»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս