loader
Ավագանու անդամը պահանջում է հրապարակայնացնել «Սանիթեք»-ի հետ նամակագրությունը

Ավագանու անդամը պահանջում է հրապարակայնացնել «Սանիթեք»-ի հետ նամակագրությունը

Ապրիլի 23-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկել էր օրակարգի 16-րդ` աղբահանության մասին հարցը քննարկել առաջնահերթության կարգով, ինչը Հայկ Մարությանը մերժել էր: Ավագանու անդամին վրդովեցրել էր այդ հանգամանքը, և նա քաղաքապետին մեղադրել էր ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Հայաստան 24-ի հետ զրույցում Միքայել Մանրիկյանը նշեց. «Իմ կողմից բարձրացված հարցերին Հայկ Մարությանը չտվեց լիարժեք պատասխան: Ուղղակի չցանկանալով սրել ավագանու նիստի ընթացքը և հասնել այն բանին, որ ավագանու նիստը տապալվի, չշարունակեցի հարցապնդումներս, քանի որ երևանցիներին հուզող հարցերը բազմաթիվ էին: Ես կարող եմ ներկայացնել իրենց ներկայացրած բազմաթիվ դիմումներ և շատ հեշտ ապացուցել, որ դիմումների պատասխաններին տրվել են դրանց բովանդակության հետ կապ չունեցող պատասխաններ: Ինչպես տեղյակ եք, ես առաջարկեցի քաղաքապետին ավագանու նիստից հետո բանավիճել լրագրողների ներկայությամբ, ինչը չեղավ: Նաև պահանջեցի բացահայտել քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության նամակագրությունը: Ասել եմ ու էլի կասեմ, եթե այդ նամակագրությունը չհրապարակայնացվի, մեր կասկածները կհսատատվեն քաղաքապետարանի «սև» գործունեության մասին»:

Վերջին շրջանում աղմուկ հարուցած աղբահանության թեմայի շուրջ զրուցել ենք նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանի հետ: Ի մասնավորի՝ նա ասաց. «Մեր աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում աղբահանությունը գտնվում է քննարկվող հարցերի առաջին հորիզոնականներից մեկում: Որ աղբահանության օպերատորը անբարեխիղճ է կատարում իրեն վերապահված գործառույթը, փաստ է: Մենք փորձում ենք օրենքի շրջանակներում լրացուցիչ միջոցներ կիրառել, որպեսզի կարողանանք աղբահանությունը բերել պատշաճ մակարդակի»:

Մեր դիտարկմանը` «Սանիթեքի» հարցով միջազգային դատարան դիմելու մասին խոսակցություններ կային,  ավագանու անդամը պատասխանեց. «Միջազգային դատարան հասնելու կարիք չկա առայժմ, եթե հարկ լինի, մեր իրավապահները գործառույթ կիրականացնեն, իսկ այս պահին պայմանագրային դրույթների համապատասխան ենք գործելու: Եթե չկարողանանք ստանալ համապատասխան լուծումներ, այդ ժամանակ նոր կդիմենք միջազգային դատարան: Բայց կրկնում եմ՝ առայժմ դրա կարիքը չկա»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս