loader
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը. ուղիղ

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը. ուղիղ

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սկիզբ է առել Խորհրդային միության տարիներից: Առաջինն այն ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 27 երկիր։ Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ հարյուր նահանգ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս