loader
Այսօր Միքայել Դանիելյանի ծննդյան օրն է

Այսօր Միքայել Դանիելյանի ծննդյան օրն է

«Մեծացել եմ ջազի հնչյունների ներքո: Ծնողներս այլ արժեքներ կրող մարդիկ էին և դրա համար է, որ ինձ ազատ և համարձակ են դաստիարակել, և որ կարևոր է, սովորեցրել են հանդուրժողականություն, հարգանք մարդկանց նկատմամաբ: Նույնն էլ ինքս եմ անում` սերմանելով իմ երեխաների մեջ հարգանք, հանդուրժողականություն և ազատություն»:

Միքաել Դանիելյան

Իրվապաշտպան Միքայել Դանիելյանը ծնվել է 1959թ. փետրվարի 17-ին: Ավարտել է Երևանի պետական Պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում: 1997թ-ին հիմնադրել է «Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան»:

«1991 թվականից աշխատել եմ «Էքսպրես Խրոնիկա» իրավապաշտպան թերթում` գրելով հոդվածներ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների և պաշտպանության մասին: 1995 թվականին ինձ առաջարկեցին ստեղծել Հայաստանում որևիցէ իրավապաշտպան կազմակերպություն, քանի որ, ըստ միջազգային դիտորդների և փորձագետների, Հայաստանում կային գրանցված որոշակի հասարակական կազմակերպություններ, սակայն նրանք կարծես գործունեություն չէին ծավալում: Եվ ես հիմնեցի Հայաստանում Հելսինկյան կոմիտեն: 1996 թ-ին ես դուրս եկա Հելսինկյան Կոմիտեից, ինչպես նաև նախագահությունից` որոշելով չաշխատել ՀՀ որևիցէ կազմակերպությունում: 1997թ-ին ընկերներիս աջակցությամբ, երկար քննարկումներից հետո, ստեղծեցի «Հելսինկյան Ասոցիացիան» և աշխատում եմ այնտեղ մինչ այժմ»:

1998թ. մայիսի 18-ին, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը Հելսինկյան Ասոցիացիային շնորհել են ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մրցանակ` ի ճանաչումն Հելսինկյան Ասոցիացիայի ձեռքբերումների քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական արժեքների նպաստման գործում: 2009թ. հունվարին, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին շնորհել է «Ազատության պաշտպան 2008» մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար այս տարիների, և հատկապես, 2008թ. քաղաքական ողբերգական իրադարձությունների ընթացքում:

«Ինչ ասել է քաղաքացիական հասարակություն, ես դա չգիտեմ, Հայաստանում չեմ տեսնում: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք որևիցէ ոլորտում գործունեություն են ծավալում, սակայն քաղաքացիական հասարակություն, որպես այդպիսին, չկա: Ինչու՞ եմ այսպես ասում: 2008 թ-ին, եթե կար քաղաքացիական հասարակություն, ապա բոլորը պետք է անդրադառնային այն բանին, թե ինչ կատարվեց մարտի մեկին, սակայն ոչ ոք  ոչինչ չարեց»:

«Հասարակությունն ունի շատ «հիվանդ» տարրեր, որոնք «բուժման» կարիք ունեն: Երբ հասարակության մեջ գոյություն ունեն այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են վաճառել իրենց ձայները 5000-ից 10000 դրամով, դա հիվանդություն է: Երբ իմանում ես, որ մարդուն ծեծել են ոստիկանության բաժանմունքում, մտածում ես, որ երևի մեղավոր էր, դրա համար են ծեծել, դա էլ է հիվանդություն:

Շատ բան պետք է փոխվի մեր հասարակության մեջ, շատ շտկումների, գաղափարական փոփոխությունների կարիք կա»։

Միքայել Դանիելյանը վախճանվել է  2016-ի օգոստոս 24-ի․ նա  57 տարեկան էր:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս