loader
«Ճապոնիան և Հայաստանը կարող են ԵՄ-ի միջոցով ավելի սերտ համագործակցություն ծավալել»

«Ճապոնիան և Հայաստանը կարող են ԵՄ-ի միջոցով ավելի սերտ համագործակցություն ծավալել»

«ԵՏՄ անդամակցությունը և ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը յուրահատուկ կարգավիճակ են ստեղծում Հայաստանի համար», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Շնորհավորելով Հայաստանին համաձայնագրի ստորագրման առթիվ՝ դեսպանը նշեց, որ նախորդ շաբաթ Ճապոնիան ևս ԵՄ-ի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր։ «Սա ևս մեկ ընդհանրություն է։ Ճապոնիան և Հայաստանը կարող են ԵՄ-ի միջոցով ավելի սերտ համագործակցություն ծավալել»,-նշեց դեսպանը։

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ում՝ դեսպանը ընդգծեց, որ Ռուսաստանը Ճապոնիայի շատ կարևոր գործընկերն է։ «Ճապոնիան անմիջական մուտք ունի ռուսական շուկա։ Այսինքն՝ անհրաժեշտություն չկա, որ Հայաստանը միջնորդ լինի այս հարցում։ Սակայն ամեն դեպքում դա կարևոր է»,- ասաց դեսպանը։  

Դեսպանի անձնական կարծիքով՝ Հայաստանը յուրահատուկ կարգավիճակում է՝ ԵՏՄ անդամակցությամբ և ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ։

Դեսպանը նշեց, որ ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը և չրերը։ 

Նրա խոսքով՝ հայտնի ճապոնական արտադրանքներին՝ մեքենաներին և կենցաղային տեխնիկային, կարող են նաև ավելանալ բժշկական սարքեր, սարքավորումներ, նոր տեխնիկա։

«Կարծում եմ, դա հնարավոր է և կհետաքրքրի շուկային։ Ինչ վերաբերում է արտահանմանը՝ Ճապոնիայում կհետաքրքվեն հայկական գինիով, մեղրով և  չրերով»,-նշեց դեսպանը։

Տագուչին տեղեկացրեց, որ ամեն տարի Ճապոնիայում սննդի ցուցահանդես է անցկացվում. «2018 թվականին այդ ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք կներկայացնեն գինի, կոնյակ, մեղր, չիր և ճապոնական գործընկերների հետ գործարար հարաբերություններ կհաստատեն: Հետաքրքիր  են նաև ՏՏ, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ներդրման հնարավորությունները: Կառավարությունները նախատեսում են ներդրումների խթանման շուրջ համատեղ ծրագրի մշակում»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս