loader
Ծառերը չորանում են. ահազանգ՝ Խարբերդից

Ծառերը չորանում են. ահազանգ՝ Խարբերդից

Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդի հողամասեր կոչվող թաղամասի բնակիչ Արմեն Խաչատրյանն օրեր առաջ բալենին կտրել է: Շուտով կացինը կմոտենա նաև 3 ծիրանենիներին: Նրա այգու ծառերը չորացել են ոռոգման ջրի պատճառով:

«Գիլասը չորացավ: Ծիրանը շատ մանր է, այնքան անպիտան է, որ չեմ էլ հավաքում, մնացել է ծառերին: Բերքը կարծր է, քանի որ չի ջրվել: Հողն արդեն վառվել է, անապատ է ուզում դառնալ»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ահազանգեց նա:

Ոռոգման ջուրն ըստ նախատեսված գրաֆիկի պետք է շաբաթական հատկացվեր 3 օր, բայց բնակիչների պնդմամբ՝ արդեն օրեր շարունակ ջրի երես չեն տեսնում:

«Ուրբաթ-կիրակի օրերին էին ջուր տալիս, հիմա դա էլ չկա: Մեր փողոցի վիճակն է շատ վատ: Փողոց կա՝ լավ վիճակում է, նորմալ ջուր ստանում են, մեր փողոցը խայտառակ վիճակում է»,- ներկայացրեց նա:

Խարբերդի բնակիչները մի քանի անգամ դիմել են տարածքը սպասարկող ջրօգտագործողների ընկերությանը: Գրասենյակից, սակայն բողոքող բնակիչների խնդրին լուծում չեն տվել: Մի քանի պատճառաբանություն են ներկայացրել և բնակիչներին տուն ճանապարհել:

«Ասում են՝ ձեր տեղը բարձր է, ջուրը լավ չի մղվում, պոմպերի ուժը չի հերիքում, որ ջուր մատակարարի: Դրանք անհեթեթ պատճառանություններ են, դրանով չես կարող ծառերը ջրել: Մեր ծառերը չորանում են, արդյունքում մենք ֆինանսներ ենք կորցնում, բնություն: Մարդիկ բերք չեն կարողանում ստանալ, որ վաճառեն և իրենց հոգսերը հոգան»,- բողոքեցին նրանք:

Ոռոգման ջուրը սպասարկող ընկերության անբարեխիղճ աշխատանքից դժգոհ խարբերդցիների հույսը միայն կառավարությունն է: Նրանք պահանջում են, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր նախագահը խնդիրն աչքաթող չանի կոմիտեի նախորդ ղեկավարի պես: Եթե առաջիկայում Խարբերդի հողամասերի ծառերը չջրվեցին, բնակիչները ստիպված են լինելու ծայրահեղ քայլերի դիմել՝ փողոց փակել և ոռոգման ջուր պահանջել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս