loader
Չեմ կարծում՝ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել. Ալեն Սիմոնյան

Չեմ կարծում՝ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել. Ալեն Սիմոնյան

Ընդհանրապես որևէ մտավախություն չկա, ես ուրախ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջ միավորել ընդդիմությանը, չեմ կարծում, որ դա իր մոտ կստացվի, որովհետև շատ լավ գիտենք մարդկանց վերաբերմունքը և պարոն Քոչարյանի վարկանիշը: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հարգելի լրագրողներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբևիցե ընտրված նախագահ չեն եղել, նրանք ուղղակի մարդիկ են եղել, որոնք զբաղեցրել են այդ պաշտոնը»,- նկատեց Սիմոնյանը:

Հարցին՝ օրերս «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքի» ֆորումն էր, և այնտեղ ոչ միայն Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, այլև եկել էին շատերը, որոնք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, այս առումով նույնպե՞ս մտավախություն չունեք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է, թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշեն, երբ որ ինչ-որ բանով իրար հետ կիսվել են, դա իրենց խնդիրն է:

«ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը և գործընկերը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: Մնացածը գիտեք ինչ՝ ես ավելի հետաքրքիր, ավելի լուրջ ինձ մրցակից եմ համարում գործող ընդդիմությանը, պառլամենտական ընդդիմության մեր գործընկերներին, իսկ թե այդ նախկին բեկորները, որոնք որ միավորվում են մի նպատակով, որպեսզի փրկեն այն ամենը, ինչ որ իրենք ժամանակին արել են, փրկել իրենց, որովհետև իրենք ժամանակին ոչ այդքան էլ ճիշտ գործողություններով են հայտնի դարձել հայ ժողովրդին, ինձ չի հետաքրքրում»,- նկատեց վերջինս: 

Դիտարկմանը, թե Արցախի իշխանությունն է աջակցում, ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ չի կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել, դա իշխանության մեջ ներկա անհատների աջակցությունն է:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս