loader
 Դարոն Աճեմօղլու. Հեշտ չի լինելու Հայաստանում կոռումպացված  համակարգը բնից արմատախիլ անելը

Դարոն Աճեմօղլու. Հեշտ չի լինելու Հայաստանում կոռումպացված  համակարգը բնից արմատախիլ անելը

«Հայաստանի ապագայի մասին բոլորս էլ պետք է լավ հույսեր ունենանք, սակայն պետք է ընդունենք, որ հեշտ չի լինելու կոռումպացված  համակարգը բնից արմատախիլ անելը», - հայկական «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։

«Հայաստանի տնտեսությունը կաշառքի ու կոռուպցիայի հետևանքով շատ է տուժել։ Հայաստանի հասարակության մեջ և դրսում մեծ  հույս կա, որ գտնվում ենք շրջադարձային կետում։ Անհրաժեշտ է բարձր մրցունակություն ապահովող և ավելի դինամիկ տնտեսության ճանապարհը բացող հասարակական շրջադարձ։ Նման փոփոխությունը միայն Հայաստանի հասարակությունը կարող է ապահովել։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ զանգահարել և ճշտել է՝ արդյոք ցանկանո՞ւմ եմ օգնել  Հայաստանի տնտեսությանը։ Պատասխանեցի, թե դրսում ապրելով՝ չգիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել, սակայն հայտնեցի, որ սիրով պատրաստ եմ ջանքեր գործադրել։ Առիթի դեպքում գնալու եմ Հայաստան, սակայն այս պահին ընտանեկան խնդիրների պատճառով անհայտ է, թե երբ կարող եմ այցելել։

Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորս էլ պետք է լիահույս լինենք, սակայն պետք է ընդունենք, որ հեշտ չի լինելու կոռումպացված  համակարգը բնից արմատախիլ անելը։ Դա  հնարավոր կլինի բազմակողմ մոտեցումով և նոր, կրթված, իդեալիստ և չկոռումպացված անձանց քաղաքականություն մտնելու շնորհիվ»,-ասել է Աճեմօղլուն։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Աճեմօղլուի հեռախոսազրույցը կայացել է մայիսի 13-ին:

Դարոն Աճեմօղլուն հանդիսանում է Econometrica պարբերականի խմբագիրներից մեկը, աշխատում է նաև Review of Economics and Statistics, Journal of Economic Growth և Annual Review of Economics պարբերականների հետ։

Ներկայումս Դարոն Աճեմօղլուն համարվում է, թերևս, ամենանորաձև տնտեսագետը։ Վերջինս Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Arts and Sciences) և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։ Ունի տնտեսագիտության բնագավառի մի շարք մրցանակներ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս