loader
Դավիթ Շահնազարյանի նկատմամբ Վազգեն Սարգսյանը հակակրանք է ունեցել. ազատամարտիկ

Դավիթ Շահնազարյանի նկատմամբ Վազգեն Սարգսյանը հակակրանք է ունեցել. ազատամարտիկ

Իրականությանը չի համապատասխանում ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությունը, իբր, Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին՝ Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար: Հայաստան 24-ի հետ զրույցում պնդեց «Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանը, ով մասնակցել է Օմարի գործողություններին:

«Դավիթին լուրջ ընդունել պետք չէ: Այդպիսի բան չէր կարող պատահել: Դավիթը չունի այն ինֆորմացիան, որը հաճախ ինքը ցուցադրում է: Ինքը միշտ օդի մեջ բաներ է ասել: Նրան ոչ մեկ ինֆորմացիա չէր տա: Իրան առաջինը Վազգեն Սարգսյանը լուրջ չի ընդունել, ավելին՝ նույնիսկ հակակրանք է ունեցել, այն էլ ինչ խորությամբ: Մարդը տառապում է «շպիոնամանյայով», ինքն իրեն ուզում է ցուցադրել, որ շատ գիտի: Իրան շատ են բարձրացրել ու ինքն էլ դոզային չի դիմացել»,- ասաց Արցախյան ազատամարտի մասնակիցը:

Հարությունյանի խոսքով՝ Դավիթ Շահնազարյանը խեղաթյուրում է փաստերը:

«Ինքը մի թիվ է հիշատակում՝ հունվարի 22, այդ օրը սկսել ենք Օմարը հետ բերել: Նման բան չէր կարող լինել, որովհետև հունվարի 25-ին նահանջել ենք: Այդ ժամանակ Օմարից ներքև՝ «Սեիդլար» կոչվող բնակավայրում էր կայանված մեր առաջին գծի հրամանատարությունը՝ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Այս ժամանակ Ղարաբաղից որևէ մեկը չէր կարող գալ: 1993 թվականի դեկտեմբերի 27-28-ի կողմերն էր, երբ Օմարը սկսեցին թողնել: Մինչև հունվարը եղել են պաշտպանական մարտեր: Նահանջ եղավ, որից հետո լայնամասշտաբ գործողություններ սկսվեցին: Հրաշալի օպերացիա է կատարվել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Նա ևս հաստատեց Սասուն Միքայելյանի այն պնդումը, որ մինչև ինքը հասել է Օմարի լեռնանցք, արդեն գործողություններն ավարտվել էին: Ազատամարտիկն այստեղ ուրիշ խնդիր է տեսնում. «Սասունը դրա հետ կապված որևիցե խնդիր չի ունեցել: Այդ ժամանակ պաշտպանության նախարար էր Սերժ Սարգսյանը, ու երբ որ ամբողջ մեր պատերազմող աշխարհը քնած չէր, ինքը քնած էր Վարդենիսում: Երբ ջոկատը տարել եմ այդտեղ, ճանապարհները ձյունը փակել էր: Վարդենիսի շտաբում ես եմ պատասխանել Վազգեն Սարգսյանի զանգին և ասել, որ ճանապարհները փակ են: Ասել եմ, որ հարկավոր է գալ այստեղ, որովհետև այստեղ ոչ մեկ գործ չի անում: Ես Վազգենին ասել եմ, թե վիճակը ոնց է: Եթե սպանելու, գնդակահարելու խնդիր կար, նա Սերժ Սարգսյանին կարող էր գնդակահարել»:

Հովիկ Հարությունյանը նշեց, որ Արցախյան ազատամարտի գրեթե բոլոր մասնակիցները Օմարի գործողություններից տեղյակ են և լավ գիտեն, թե այդ օրերին ով ինչ է արել:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս