loader
Դպրոցի տնօրենը թեկնածուի օգտին քարոզչությո՞ւն է անում

Դպրոցի տնօրենը թեկնածուի օգտին քարոզչությո՞ւն է անում

Ուրցաձոր խոշորացված համայնքի Շաղափ բնակավայրի դպրոցի տնօրենը համայնքի ղեկավարի թեկնածուի օգտին քարոզչություն է անում. Հայաստան 24-ին ահազանգեցի բնակիչները:

Փետրվարի 17-ին այս համայնքում արտահերթ ընտրություններ են նշանակված: Ուրցաձորում նախորդ տարի համայնքի ղեկավարի դեմ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց: Համայնքի բնակիչների կողմից մերժված գյուղապետը կրկին ցանկանում է գյուղապետ ընտրվել: Թեկնածություն է առաջադրել բողոքի ակցիաներից հետո համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Ավետիսյանը:

Գյուղապետ ընտրվելու ցանկություն է հայտնել նաև համայնքի ղեկավարի տեղակալը և ևս 3 անկուսակցական թեկնածուներ: Համայնքում բնակիչների մի մասը դպրոցի տնօրենի անունը կապում են համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի օգտին քարոզչություն անելու հետ, մյուսը՝ անկուսակցական թեկնածու Սամվել Սիմոնյանի:

Դպրոցի տնօրեն Լևոն Միքայելյանի պնդմամբ՝ քարոզչությամբ չի զբաղվում և զարմանում է, թե ինչո՞ւ է իր անունը հոլովվում նախընտրական թոհուբուհի մեջ:

«Իմ միսը, երևի, չի ուտվում, էլի: Իսկ ո՞վ կարող է ապացուցել, որ դպրոցի տնօրենը քարոզչություն է արել, թե այսօր կարող են ամեն բան ասել առանց ապացույցների, այսինքն՝ ո՛չ հարգանք մնաց, ո՛չ արած մնաց»,- ասաց նա:

Դպրոցի տնօրենը նկատեց, որ իր անունն առաջին անգամ չէ, որ կապում են համայնքում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: 2-3 ամիս առաջ նույն մեղադրանքով նրան կանչել են մարզպետարան:

«Հազիվ ապացուցեցի, որ նման բան չկա, հիմա՝ նորից: Այդ ժամանակ նախկին գյուղապետն էր մտել դպրոց: Ասաց՝ մտնեմ, հրաժեշտ տամ կոլեկտիվին, ասացի՝ մտիր և պատմություն սարքեցին: Եթե ուզում ենք մեկս մյուսի վրա բան սարքենք, միշտ էլ առիթ կգտնենք»,- ասաց նա:

Տնօրենը հավաստիացնում է՝ դպրոցում էլ ուսուցիչների հետ նույնիսկ ընտրությունների վերաբերյալ խոսակցություն չի ունեցել:

«1 շաբաթ առաջ հավաքել եմ կոլեկտիվին և ասել եմ՝ հեռու մնացեք քարոզչությունից, հեռու մնացեք քաղաքականությունից: Ինձ կարող է մեղադրեն, որ Քենեդուն էլ եմ ես սպանել, ուրեմն՝ Քենդուն սպանե՞լ եմ: Մեկը մեկի հետ հաշվեհարդար տեսնելու համար վրան ինչ ուզի՝ կարա սարքի»,- մտահոգություն հայտնեց դպրոցի տնօրենը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս