loader
Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող նպաստի չափը կավելանա 3 անգամ

Երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող նպաստի չափը կավելանա 3 անգամ

Երկրորդ երեխայի համար տրվող նպաստի չափը կկազմի 150 հազար դրամ` նախկին 50 հազարի փոխարեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Կառավարությանը ներկայացնելով նախագիծն, ասաց, որ այս ծրագիրը միտված է խթանելու ծնելիությունը Հայաստանում։

«Երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական կարևորություն ունի մեր պետության համար: Այն կարևոր է, և մենք սատարում ենք այդ ծրագրին»,- նշեց Թանդիլյանը։

Նախարարն ասաց, որ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

Գործող իրավակարգավորումներով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումը սկսվում է երրորդ երեխայից սկսած: Հիմա առաջարկվում է այդ տարբերակը երկրորդ երեխայից սկսել: Մանե Թանդիլյանն ասաց, որ նախագիծն ընդունվելու դեպքում հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150.000 դրամ:

Նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ օրենսդրական առաջարկն ավելի շատ միտում ունի ոչ թե խթանել ծնելիությունը, այլ թեթևացնել երեխայի ծննդյան հետ կապված ծնողների հոգսերը։ Նիստում հաստատվեց հանրության շրջանում արդեն իսկ լայն տարածում ստացած Նպաստների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս