loader
Ես չգիտեի, որ մեր ազգի մեջ այսքան սուտ խոսացողներ կան. Տիգրան Հեքեքյան

Ես չգիտեի, որ մեր ազգի մեջ այսքան սուտ խոսացողներ կան. Տիգրան Հեքեքյան

Ոչինչ չարվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի փրկության համար: Բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

«Կամ անարգում ենք վարչապետի հրահանգը, կամ մնացածը թատրոն էր: Մեզ այնպիսի պատասխաններ էին ուղարկում, որ թվում էր՝ կամ իրենք հայերեն լավ չգիտեն, կամ մտավոր խնդիրներ ունեն: Մենք մի հարց ենք տալիս, մեզ ուրիշ պատասխան են տալիս»,- նշեց նա:

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ ոչինչ չի արվել պատմամշակութային շենքի պահպանության համար:

«Վարչապետի այցից 2 ժամ հետո Հուշարձանների պահպանության տնօրենը մշակույթի փոխնախարարի հետ եկավ և առաջարկեց լուծում: Այդ տարբերակը մեզ բոլորիս դուր եկավ: Լուծումն առաջարկեց հենց քանդվող պատի վրա, ես էլ դա լուսանկարել եմ: Ասացի, որ համաձայն եմ և հարցրեցի, թե քանի՞ օր է պետք, որ այն նախագիծ դառնա և աշխատանքները սկսվեն: Պատասխանեց՝ 3 օր, դա նոյեմբերի 27-ն էր, դե, հաշվեք»,- մանրամասնեց նա:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավարը փոխանցեց, որ, գրեթե, ամեն օր քաղաքապետարանին նամակներ են հասցեագրել:

Հեքեքյանը խնդրի լուծումը միայն դատական ճանապարհով է տեսնում:

«Նրանք հանցագործներ են: Տերյան փողոցը պարալիզացվել է արդեն 10 ամիս: Ոչ ոք իրենց բան չի ասում: Նրանք պատմամշակութային շենքը քանդում են»,- վրդովվեց նա:

Անդրադառնալով գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի արած հայատարարությանը, թե կարևոր անդառնալի կորուստներ չեն եղել և հնարավոր է վերականգնել և վերադարձնել շենքի մշակութային արժեքը, Հեքեքյանը նշեց, որ նա ամիսներ առաջ է ասել, որ թույլ չեն տալու՝ շենքը քանդվի:

«Բայց իրենք ոչինչ չարեցին և թույլ տվեցին, որ շենքը քանդվի, ես ո՞ր մեկի ասածին հավատամ: Այս 4 ամիսների ընթացքում այնքան սուտ եմ լսել: Ես չգիտեի, որ մեր ազգի մեջ այսքան պրոֆեսիոնալ սուտ խոսացողներ կան: Մարդիկ հրապարակավ խոսք են տալիս ամենաբարձր պաշտոնից և ոչինչ չեն անում»,- նշեց նա:

Հարակից տարածքում կատարվող շինարարության պատճառով արդեն մի քանի ամիս է՝ երգչախումբը չի գործում: Ըստ Տիգրան Հեքեքյանի՝ տեղի ունեցածի համար մեղավոր են քաղաքապետարանը, Քաղաքաշինության կոմիտեն, Մշակույթ նախարարությունը և «Հին Երևան» նախագծի հեղինակները:

«Սա ներկայիս իշխանությունների համար փորձաքար է՝ լակմուսի թերթիկ՝ իրենք ի վիճակի՞ են այս փոքրիկ հարցը լուծել»,- ասաց նա:

Շենքի պատի փլուզումը կանխարգելելու նպատակով ամիսներ շարունակ ահազանգում էին Արամի 23 հասցեում տեղակայված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աշխատակիցներն ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Մշակութային արժեք հանդիսացող շենքի ձախ պատի երկայնքով հարակից կառուցվող շենքի համար փորվել էր հիմքի հսկայական փոս: Ամիսներ շարունակ երգչախմբի ներկայացուցիչներն ահազանգում էին շենքի հնարավոր փլուզման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս