loader
Ես խենթանում եմ մեր քաղաքի համար. Հայկ Մարությանը երդվեց

Ես խենթանում եմ մեր քաղաքի համար. Հայկ Մարությանը երդվեց

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր երդվեց ազնվորեն ծառայել Երևան քաղաքին և երևանցիներին:

«Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ընթացքում պահպանելու եմ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը երդվեց ծառայել Երևանի բնակչությանը, հոգ տանել մայրաքաղաքի փառքի պահպանման համար և ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին:

«Երդվում եմ աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- ասաց քաղաքապետը:

Երդման տեքստը հնչեցնելուց հետո Հայկ Մարությանին խորհրդանշական շղթան փոխանցեցին Տիգրան Մանսուրյանը և Արթուր Իսպիրյանը:

Ապա իր խոսքում Մարությանն ասաց, որ կանգնած է այստեղ, քանի որ այդպես է որոշել ժողովուրդը:

«Ես մեկ առ մեկ հիշում եմ այն խնդիրները, որոնք ներկայացնում էին մեր բնակիչները՝ մաքրել, կանաչապատել, ամեն մի վայր հասանելի դարձնել, զարգացնել և այս ամենն իրականացնել արդարության սկզբունքով: Սիրելի՛ երևանցիներ, ուզում եմ վստահեցնել, որ հենց այդպես էլ լինելու է: Իր քաղաքն ու երկիրը սիրող մարդն այլ կերպ չի էլ կարող անել, իսկ ես սիրում եմ մեր Երևանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար»,- ասաց նա:

Հայկ Մարությանը նաև երևանցիներին շնորհակալություն հայտնեց վստահության համար: Նա ասաց, որ իր խոսքը ոչ թե  արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում՝ երևանցիների և Աստծո առաջ 

Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, որի ընթացքում Հայկ Մարությանն օրենքի ուժով ընտրվել է Երևանի քաղաքապետ։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս