loader
Եթե դրական պատասխան չստանան, գործարանի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն

Եթե դրական պատասխան չստանան, գործարանի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների միջև երեկ տեղի ունեցած հանդիպումը կառուցողական է եղել: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը: Քննարկման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Համաձայն դրանց՝ երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի, թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:

«Տարբեր կետերից բախկացած ծրագիր է, որը պետք է քննարկվի, հիմնական խնդիրը կապված է ՎՏԲ բանկի հետ: Պետք է գործարանը գնա ոչ թե սնանկացման, այլ ինչ-որ ուղիներ գտնեն, որ աշխատի»,- ասաց աշխատակիցը:

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն աշխատակիցներին հայտնել է, որ դրական պատասխանի սպաասեն: Եթե հարցի լուծումն ի շահ Ալավերդու պղնձաձուլարանի չլինի, առանց աշխատանք մնացած ալավերդցիները պատրաստվում են բողոքի կտրուկ քայլերի դիմել:

Աշխատակիցները հուսալքված վիճակում են, նրանք եկող շաբաթվա սկզբին կստանան աշխատանքից ազատվելու ծանուցման թերթիկները: Իսկ մինչ այդ նրանք փորձում են սեփական միջոցներով վառ պահել գործարանի վառարանը: Պղինձը ձուլող վառարանն ամբողջությամբ անջատվել է:

«Ավտոների անիվներ ենք հավաքել մեծ քանակությամբ և լցրել վառարանը, որ կարողանանք վառարանի շունչը պահենք, մինչև տեսնենք, թե ինչ կլինի»,- փոխանցեց Արմեն Կիրակոսյանը:

Աշխատակիցները նշում են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Ալավերդու բնակիչները մշտապես դժգոհում են գործարանի արտանետումներից։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այստեղ ստուգումներ անցկացրեց ու 380 մլն դրամ տուգանք նշանակեց:

Գործարանը շահագործող ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակը 90 տոկոսով պակասեցնել: Գործարանից տեղեկացրեցին, որ գործնականում անհնար է աշխատել այդ նորմատիվներով: Ուստի՝ որոշվել է դադարեցնել արտադրությունը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում: Ավելի վաղ իր գործունեությունը դադարեցրել էր «Թեղուտի» հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ:

Հիշեցնենք, որ մի քանի անգամ պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհն ու երթուղին: Ակցիաները դադարեցրել են, երբ աշխատակիցներին խոստացել են կառավարությունում հանդիպում կազմակերպել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս