loader
Եվրոպայի հայերի համագումարի կոչը` կապված Ջավախքի հետ

Եվրոպայի հայերի համագումարի կոչը` կապված Ջավախքի հետ

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի և Վրաստանի իշխանություններին, ինչպես նաև Հայ և վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայ եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ:

Կոչ-հայտարարությունում ասվում է.

«- Հայաստանի և Վրաստանի իշխանություններին,

- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,

- Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք  Իլիա Բ-ին,

- Հայ և վրաց ժողովուրդներին,

 Ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական և հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված և անընդունելի այնպիսի երևույթներ որոնց հետևանքով առաջացած լարվածությունը  անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է'լ ավելի թափ ստացան նման երևույթները:

Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգևոր առաջնորդներին և հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարևան պետությունների և ժողովուրրդների բարօրության, համերաշխության և զարգացման, իրենց համատեղ, խոհեմ և ողջամիտ քաղաքականությամբ և մոտեցումներով կարևորելով ազգային, մշակութային, կրոնական և կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով և բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ և արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաև վրաց և հայ ժողովուրդների և՛ սեփական և՛ ընդհանուր շահերը:

Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների:

Փաստ է նաև, որ ազգային, մշակութային և կրոնական գետնի վրա ի գործ դրված խտրականությունների քաղաքականությունը ցանկացած երկրում սաղմնավորում է անհանդուրժողականության և ճնշումների ենթարկված կողմի հակազդեցությունը, որ հարցի տրամաբանական լուծում չստանալու դեպքում վերածվում է խոր դժգոհության և բարձրացնում անկանխատեսելի բողոքի ալիք:

Նկատի ունենալով, որ ջավախահայությունը նաև զերծ չի մնացել նման խտրականություններից և հեռու է պահվել զարգացման համաչափ ընթացքից, չի ստացել տնտեսության համար զարգացման երաշխիքներ, անտեսվել է նրա ազգային փոքրամասնություններին վերապահված կրթամշակութային, կրոնական և հասարակական իրավունքները, և վրացական հերթական իշխանությունները, իհարկե, որոշակի տարբերությամբ, վարել են այնպիսի խնդրահարույց քաղաքականություն, որի հետևանքով սահուն կերպով և գնացքի արագությամբ Ջավախք է ներթափանցում թուրք-ադրբեջանական տարրը, որը մոտ ապագայում կարող է կործանարար լինել հայության և հեռանկարում վրաց ժողովրդի համար:

Ուստիև, իրավիճակը պահանջում է մոտեցումների և ստեղծված խնդիրների ընկալման հեռանկարային փոփոխություն:

Անհրաժեշտ է կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել  ջավախահայության կրթական և եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային և պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով և կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և հարաբերությունների ամրապնդման:

Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը և բռնել արտագաղթի ճամբան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական և քաղաքական ղեկավարները և սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:

Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային և իրագործելի ծրագիր և ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի և Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման և փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաև հայկական Սփյուռքը:

Վրաստանը արդեն վաղուց հայտարարել է իր եվրոպական քաղաքականության ուղեգիծը և հավաստում է, որ հանձնառու կմնա այն քաղաքակրթությանը որով առաջնորդվում է Եվրոպան: Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև նոյեմբերին կնքված շրջանային պայմանագիրը ևս հավաստում է այն, որ Հայաստանը նաև ունի նույն հեռանկարը, ուստի երկու երկրները այսուհետ ավելի ազատ և ձեռնբաց կարող են հետապնդել իրենց հետաքրքրող համատեղ շահերը:

Եվրոպայի Հայերի Համագումարը,  հիմք ընդունելով երկու բարեկամ և եղբայր ժողովուրդների բարօրությունն ու երջանկությունը, Վրաստանի իշխանություններին կոչ է անում Ջավախքի հայության զարգացման և ազգային ու մարդկային իրավունքների ապահովման համար ցուցաբերել ժողովրդավարական և ազատ երկրին հարիր քաղաքականություն և այդ առթիվ ձեռնարկել գործնական քայլեր:

Հայաստանի իշխանությանը կոչ է անում Ջավախքի նկատմամբ ցուցաբերել ավելի լուրջ մոտեցում և աջակցություն: Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն նշանակելիս հաշվի առնել տարածաշրջանի կարևորությունը, լարվածությունն ու բարդ խնդիրները և Ջավախքում ապահովել հյուպատոսական ներկայացուցչություն:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ից ակնկալում ենք եղբայրական ոգով վերաբերվել Հայ եկեղեցու զավակներին և թույլ չտալ վրաց հասարակության սրտում բույն դնի այլատյացությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից ակնկալում ենք Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, որպեսզի շեշտադրվի համայնքի կարևորությունը և ապահովի նրա ազատ, անկաշկանդ ու համակողմանի զարգացումը՝ զերծ ազգամիջյան տարաբնույթ լարվածություններից:

Համայն հայությանը, հատկապես ջավախահայությանը և վրաց ժողովրդին կոչ ենք անում լինել համերաշխ և աչալուրջ՝ ընթացք չտալ արտաքին ցանկացած երրորդ կողմի սադրանքներին, որոնք կարող են վտանգել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պետական գերիշխանությունը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս