loader
Գավառի ԲԿ-ում մահացած երիտասարդ կնոջ ծնողները պնդում են, որ ԲԿ-ի տնօրենը պատասխանատվությունից խուսափելու համար ապատեղեկատվություն է տարածում

Գավառի ԲԿ-ում մահացած երիտասարդ կնոջ ծնողները պնդում են, որ ԲԿ-ի տնօրենը պատասխանատվությունից խուսափելու համար ապատեղեկատվություն է տարածում

Հայաստան 24-ին են դիմել Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղի բնակիչներ Շիրակ և Արմինե Հարությունյանները` խնդրելով անդրադառնալ իրենց դստեր հետ կատարվածին, երբ հղիությունն ընդհատելու նպատակով մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջիկը` Հասմիկ Հարությունյանը, մահացել էր կասկածելի հանգամանքներում: Հասմիկի ծնողներին զայրացրել է, որ Գավառի ԲԿ-ի տնօրեն Աշոտ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում այլ իրավիճակ է ներկայացրել կատարվածի վերաբերյալ: Ծնողների խոսքով` տնօրենը ապատեղեկատվություն է տարածել:

Հասմիկի մայրը` Արմինե Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Այն, որ Աշոտ Կարապետյանը հայտարարում է, թե իմ աղջիկը վիժում առաջացնող դեղեր է խմել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հասմիկս 9 ամսական երեխա ուներ և նրան կրծքով էր կերակրում: Հետևաբար նա վիժում առաջացնող դեղ խմել չէր կարող և որովայնի սուր ցավերի մասին էլ խոսք չի եղել: ԲԿ-ի տնօրենը ամեն ինչ անում է իրենց սխալի համար պատասխան չտալու համար: Մինչդեռ հենց հղիությունն ընդհատող բժիշկ Լալան է խորհուրդ տվել աղջկաս, որ նա գնի 10 տոկոսանոց «լիդոկային» և հետը տանի հիվանդանոց: Սակայն ասեմ, որ «լիդոկայինի» օգտագործված ամպուլաները հիվանդանոցում այդպես էլ «չեն գտնվել»: Մեզ ասացին, որ փորձագետներն են վերցրել դրանք, բայց նման բան չկա: Դեպքը կատարվել է 16:20-ին, սակայն դեպքի մասին եղբորս տեղյակ են պահել 17:30-ին: Հիվանդանոցում թույլ չեն տվել ոչ ոք ներս մտնի՝ մինչև իրենք իրենց գործողությունները ավարտեն և թաքցնեն  իրեղեն ապացույցները:

Մենք ուշքի չենք եկել մեզ հասած հարվածից, բայց չենք կարողանա ապրել` մտածելով, որ 27 տարեկան աղջկաս մահվան համար ոչ ոք պատասխան չի տալու, չի պատժվելու, և բժիշկ կոչեցյալների սխալների պատճառով էլի տան ճրագներ են մարելու: Հիվանդանոցում անգամ ճիշտ բժշկական օգնություն ցույց չեն տվել աղջկաս, հետագայում ո՞նց են կարողանալու նույն ձեռքերով գումար վաստակել, երբ էդ ձեռքերը իմ երեխային մահ են պատճառել: Ո՞նց են կարողանալու հանգիստ խղճով ապրել, երբ երկու մանկահասակ երեխաներ որբ մնացին մորից:

Մի բան էլ կա. բժշկուհին հայտարարում է, թե իրենք դեղեր ունեին ներարկման համար, և դեղի կարիք չունեին: Եթե էդպես է, էդ դեպքում մենք ունենք վարկած, որ հիվանդանոցում անօրինական ճանապարհով են կատարել հղիության ընդհատումը, որպեսզի դեղի դուրս գրում չլինի, «լիդոկային» դեղը պահանջել են աղջկանիցս: Աղջիկս զանգահարել է ամուսնուն և ասել, որ այդ դեղը գնի: Փեսաս հեռախոսը փոխանցել է դեղատան աշխատակցին, որին աղջիկս ասել է, թե ինչ դեղ է անհրաժեշտ: Դեղատան աշխատողը կարող է դա հաստատել: Այն, ինչ պատահեց աղջկաս հետ, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ կատարվում է Գավառի ԲԿ-ում: Բայց Կարապետյան Աշոտի թիկունքում էնքան հզոր մարդիկ են կանգնած, էնքան ամուր տանիք ունի, որ կարողանում է անգամ ամենաբարդ իրավիճակից առանց պատասխան տալու դուրս գալ»:

Հասմիկի հայրը` Շիրակ Հարությունյանն էլ հավելեց, որ հիմա իրենց ասում են, թե փորձաքննության արդյունքները կլինեն 40 օր հետո, իսկ իրենք կասկածում են, որ միտումնավոր ձգձգում են, որպեսզի իրենք մեկնեն Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ներկայում բնակվում են, և նրանք կարողանան հանգիստ կոծկել ամեն ինչ:

«Ամբողջ աշխարհում հայտնի է, որ անգամ քաղցկեղը հաստատելու համար հետազոտությունները տևում են մինչև 14 օր, ինչո՞ւ իմ դստեր մահվան հետ կապված հանգամանքների փորձաքննությունը 30-40 օր պետք է տևի: Հուսով ենք, որ Հայաստանում հաստատված նոր իրադրության պայմաններում, նոր հանգամանքներում արդարացի փորձաքննություն կկատարվի»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Կատարվում է նախաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս