loader
Գլուխը փոխել են, ողնաշարը թողել նույնը

Գլուխը փոխել են, ողնաշարը թողել նույնը

Կառավարության շենքի մոտ այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում սևազգեստ մայրերը, որոնց որդիները խաղաղ պայմաններում սպանվել են բանակում: Նրանք նոր իշխանությունից արդարադատություն էին պահանջում:

«Մենք չենք թողնելու էջ փակվի, եթե Նիկոլ Փաշինյանը բացահայտված է համարում Մարտի մեկը, էս գործերը ի՞նչ են Մարտի մեկի դիմաց, ձեռքի մի շարժումով կբացահայտեն»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց 2007 թվականի օգոստոսի 30-ին ծառայության ընթացքում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ապացույցները կեղծել են, նենգափոխել են և իր տղային դարձրել են դժբախտ պատահարի զոհ:

«Էրեխուս վրա կային մարմնական վնասվածքներ, մինչև առ այսօր իմ էրեխու վրայի մարմնական վնասվածքները պատկան մարմինները չեն ասում՝ ինչի հետևանքով է: Ես երեխա եմ ուղարկել բանակ, էսօր ես ունեմ գերեզման, բայց նույնիսկ 12 տարի հետո չունեմ մահվան պատճառ»,- ասաց Գոհար Սարգսյանը:

12 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը 12 տարի շարունակ պնդում է, որ իր որդուն սպանել են, սակայն մինչ օրս արդարադատությունը  չի գործում: Այժմ նա Կառավարության դիմաց պահանջում է, որ իր որդու՝ Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները պարզվեն:

Ցուցարարները նշեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան ՀԿ-ներ համաձայնագիր են կնքել՝ ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը պետք է ուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան քրեական գործերը։

Գոհար Սարգսյանի խոսքով՝ իրավապահ մարմիններում և պաշտպանական համակարգում պաշտոն զբաղեցնողները մնացել են նույնը: Նրանք են, ում օրոք բազմաթիվ հանցագործություններ բացահայտ կոծկվել են:

«Գլուխը փոխել են, ողնաշարը թողել նույնը, ու այդ պարագայում արդարադատություն ակնկալելը շատ դժվար է: Առաջիկայում պարզ կերևա, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տրամադրված է բացահայտել մեր որդիներին սպանողներին: Նրանք այստեղ են, ոչ մի տեղ չեն գնացել: Նույն Հայկազ Բաղմանյանը, որը սպանել է որդուս, ազատ ման է գալիս, երևի, սպասելով վաղեմության ժամկետի գործոնին: Սակայն մենք թույլ չենք տա, որ մոռացվի այդ ամենը, մենք կպայքարենք մինչև վերջին շունչներս: Ամուսինս չդիմացավ ցավին, բայց ես ավելի ուժեղ եմ գտնվելու»,- նշեց Տիգրան Օհանջանյանի մայրը:

Հիշեցնենք, որ 2007թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Ըստ փորձագետների տված եզրակացության՝ մահվան պատճառը հոսանքահարումն է: Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, եզրակացությունը կասկածի տակ են դնում Տիգրանի ծնողները՝ պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս