loader
Գյուղապետը սպառնացել է համագյուղացի կնոջը՝ ստիպելով վարչապետին ուղղված դիմումը հետ վերցնել

Գյուղապետը սպառնացել է համագյուղացի կնոջը՝ ստիպելով վարչապետին ուղղված դիմումը հետ վերցնել

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները տևական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում, նրանք պահանջում են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը:

Գյուղացիների խոսքով՝ համայնքապետը կոռումպացված է, նա տարիներ շարունակ յուրացումներ և չարաշահումներ է կատարել, ինչպես կարողացել, թալանել է գյուղը: Իր ախորժակը չի զսպել նաև ապրիլյան քառօրյային մասնակից տղաների անուններով գումարներ դուրս գրելիս: Նա շորթել է նաև այդ գումարները:

Գյուղի սեփականությունը մաս առ մաս բաժանել է իր, եղբայրների և հարազատների միջև: Գյուղի ակումբի տարածքը բաժանել է երկու մասի` իր և եղբոր համար տուն է կառուցում: Այնքան հեռու է գնացել իր ծրագրերի մեջ, որ գյուղի միակ կանաչ տարածք համարվող այգին ծառահատել է` թոռան համար տուն կառուցելու նպատակով:

Գյուղացիներն ասում են, որ գյուղապետը փակել է մանկապարտեզը, ինչի պատճառով ծնողներն իրենց երեխաներին Մեծամորի մանկապարտեզ են տանում:

Պարույր Սարգսյանը սեփականաշնորհել ու մեջ-մեջ է արել նաև բոլոր պաշտոնները: Նրա աղջիկը Զարթոնքի դպրոցի տնօրենն է, եղբայրը` Խաչատուր Սարգսյանը, «Սևջուր-Ախթամար» ՋՕԸ-ի պետն է: Մյուս հարազատները ևս ապահովված են աշխատանքով:

Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Զարթոնքում նորից խուճապային տրամադրություն է. վարուցանք են անելու, բայց նորից ջուր չեն ունենալու, որ դաշտերը ոռոգեն:

«Ջրի վրա նստած՝ ջուր չունենք»,- ասում են գյուղացիները՝ մատնացույց անելով Զարթոնք լիճը, որը համայնքի ղեկավարը ևս սեփականաշնորհել է:

«Նույնիսկ ձուկ չենք կարողանում էդ լճից որսալ. հենց տեսավ՝ 4000 դրամ կուզի»,- ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:

Զարթոնք լճի մասնավորեցումով չբավարարվելով՝ գյուղապետը դրա մի մասն էլ վաճառում է հարևան գյուղից ոմն Գագիկ Հովհաննիսյանի: Սա էլ փակ զոնա է դարձնում՝ վերածելով հանգստի գոտու: Տասնյակ տարիներ համայնքին ծառայած լիճը Պարույր Սարգսյանի «թեթև» ձեռքով դառնում է լճացած մի ավազան՝ սպասարկելով միայն գյուղապետի կարիքները:

Զարթոնքցիները վախով են հիշում հեռավոր 1998 թվականը, երբ գյուղում խոլերայի համաճարակ բռնկվեց: Վտանգն հիմա էլ կա: Անապատացող գյուղում, պարզվում է՝ մարդիկ իրենց դաշտերն ու այգիները կոյուղաջրով են ոռոգում:

«Առուն ինչ բերում ա, դրանով էլ ջրում ենք»,- նշում են նրանք:

Իսկ առուն բաց խողովակաշարով Զարթոնքի վարչական տարածք է հասցնում Մեծամորի կոյուղաջրերը:

Ամայացած գյուղը, որտեղ խորհրդային տարիներին խորդենի էին աճեցնում ու հենց տեղի գործարանում էլ մշակում էին, խեղդվում է ջրի պակասից: Երբեմնի արդյունաբերական կենտրոնը մեկ մարդու ձեռքով ավերակների է վերածվել:

Անդրադառնալով Պարույր Սարգսյանի՝ 23 տարիների պաշտոնավարմանը, նկատենք, որ Զարթոնքի բնակիչները այնքան են զայրացած ագահ համայնքապետի գործելաոճից, որ անգամ բարեկամներն են դուրս եկել իր դեմ: Նրանք գերադասում են լինել արդար գյուղացու կողքին, քան ագահ բարեկամի:

Հայաստան 24-ի հետ զրույցում Պարույր Սարգսյանի բարեկամուհին` Քրիստինե Ղուկասյանը նշեց, որ առցանց դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն նկարագրելով Զարթոնքի ղեկավարի կողմից կատարվող թալանի մասին: Փաշինյանը նամակը հասցեագրել է Արմավիրի մարզպետարան և հրահանգել զբաղվել դրանով: 

«Առաջին անգամ ես ձայն բարձրացրեցի գյուղում կատարվող թալանի հետ կապված: Մարզեպատարանից եկան, ինձ հրավիրեցին համայնքապետարան, զրուցեցին, հարցեր տվեցին, լսեցին պատասխաններս: Նրանց հեռանալուց հետո գյուղապետը ուղիղ չորս ժամ ինձ պահեց համայնքապետարանում, ենթարկելով սադրանքների ու շանտաժի, ասում էր, որ գնամ և դիմումս հետ վերցնեմ: Նա ամեն կերպ ահաբեկում էր ինձ, ասում, որ կվնասի երեխայիս: Հոր գերեզմանով երդվում էր, որ մարդասպանություն կլինի, ինձ էլ կսպանի, երեխայիս էլ: Ես իսկապես վախեցա, ու գնացի, դիմումս հետ վերցրեցի, որովհետև դպրոցում իր աղջիկն է տնօրենը, և ես չգիտեի, թե երեխայիս հետ ինչ կպատահի: Ցավն այն է, որ դիմումս հետ վերցնելուց հետո համագյուղացիներս կարծեցին, թե ես ծախվել եմ, մինչդեռ իրականում վախեցել եմ Սարգսյանի սպառնալիքներից ու մտահոգվել եմ երեխայիս անվտանգության համար: Գյուղը դարձրել են իրենց սեփականությունը, բայց պետք է պայքարենք, որ մեր համայնքի բնակիչները այսուհետ սկսեն ապրել արժանապատիվ ու մարդավայել»,- ասաց Քրիստինե Ղուկասյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս