loader
Հաց բերողից պարտվածը

Հաց բերողից պարտվածը

ԱՍԵԼԻՔՍ - ԻՍԱՆ ՉԵՔ

Այսպիսով, Արմեն Բիլյանը, որ դեկտեմբերի 19-ից հացադուլ էր սկսել՝ պահանջելով իրեն Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող Արմավիր քրեակատարողական հիմնարկ, սրանից մի-երկու օր առաջ ուշագնաց է եղել, ինչից հետո էլ որոշել են նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նա հայտարարել է հացադուլից իր դուրս գալու մասին։ Սմբատ Բարսեղյանը՝ հացադուլի մեջ դեկտեմբերի 21-ից, դեռ շարունակում է բողոքի ակցիան։

Հիշեցնում եմ, որ այս երկուսն էլ Սասնա ծռերից են։ Առավել՝ հիշեցնում եմ, որ Սասնա ծռերի գործողության ժամանակ երեք ոստիկանների սպանության մեղադրանքը հենց այս երկուսին է վերագրվում։ Հիշեցնում եմ նաև, որ սպանված ոստիկաններից առնվազն մեկի մահը խիստ կասկածելի հանգամանքներում էր տեղի ունեցել, և այդ ողբերգությունից գավառական հատուկ ծառայությունների տնայնագործական ակցիայի գարշահոտ էր գալիս։ Ինչևէ։ Արդար լինելու համար ասեմ, որ ցավալիորեն Սասնա ծռերի գործողությանն էլ գավառական հատուկ ծառայությունների տնայնագործ միջամտության գարշահոտ միշտ զգացել եմ։ Դարձյալ ինչևէ։ 

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարել է, որ նրանց այդ պահանջը հիմնազուրկ է և պայմանավորված չէ իրենց բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ։ Հիշեցնեմ, որ երբ Հաց Բերող Արթուրը հացադուլ էր հայտարարել, նույն այս վարչությունը, նույն այդ նախարարությունը նույնական բաներ հայտարարեցին, մինչև որ Արթուրին ՀՀ ԱԺ պատգամավորների միջամտությամբ մի կերպ ազատեցին... ապա նա մահացավ՝ հացադուլի պատճառով առաջացած՝ առողջության անդառնալի և օրգանիզմ՝կյանքի հետ անհամատեղելի փոփոխությունների պատճառով։ Հիշեցնեմ, որ Արթուրի մեղքը Սասնա ծռերին հաց հասցնելն էր, բայց... Հայաստանի իշխանությունները բամբասանք էին տարածում, թե իրականում նա...զենք է տարել Սասնա ծռերին։ Հիշեցնեմ՝ Սասնա ծռերը գրավել էին ՀՀ ոստիկանության զինապահեստները և զենքի ու զինամթերքի պակաս չէին զգում։ Ինչևէ։

Հիմա ասածս ինչ է՝ Հաց Բերողն է ավելի մեղավո՞ր, թե՞ այս երկուսը։ Ես ձեր ու իմ տեսակետը չեմ հարցնում։ Դուք ու ես տեսակետ ունենք, թե ոչ՝ էական չէ։ Եվ առհասարակ էական չէ հունվարի 11-ին մի քանի րոպեով Երևանի Մաշտոցի պողոտան փակած, հետո դեպի...ՀՀ նախագահական երթ արած քաղաքացիների տեսակետը։ Էական չէ օմբուդսմեն Թաթոյանի տեսակետը, ու նույնիսկ, ասենք...ՀՀ արդարադատության նախարար Դավթի, կամ նրա ՔԿ վարչության պետի տեսակետը։ Քանզի Հայաստանում կա մեկ տեսակետ։ Պախանինը։ Ուստի և... բանտից բանտ տեղափոխման պահանջով երկու մեղադրյալի դիմումի համար ՀՀ քաղաքացիները դիմումներ, կոչեր են ստորագրում, փողոց ու պողոտա փակում ու երթ անում ոչ այլ հասցեով, քան Պախանի դուռը։ Քանի որ Պախանը, ճիշտ է, հրապարակային կարծիք բառացի չի հայտնել, բերանացի չի ասել, բայց Պախանի արածն ու կազմակերպածը տառացիորեն եղել է Հաց Բերողի փաստացի սպանությունը։ Քանի որ անմեղ ՄԱՐԴԸ Պախանի համար ամենավտանգավոր մարդն է, որովհետև կոմպրոմատ չունի իր վրա։ Իսկ անմեղ և ՈԳԻՆ հզոր մարդը, ինչպիսին ԱՐԹՈւՐՆ էր՝ ամենավտանգավորն է։ Պախանն իր որոշումը կայացրել է, պատասխանը տվել՝ այո, Արթուրին սպանել են, հիմա էլ սրանց հերթն է, քանի որ եթե Արթուրին են սպանել, սրանք՝ ի՞նչ՝ երեք սպանություն, զինված ապստամբություն, հազարավոր մեղադրանք ու մեղսագրում վրաները կախած... Այնպես որ, այո, դատական իշխանությանն ուղղվելիք պահանջով երթը գնում է ՀՀ նախագահի նստավայր, որտե՞ղ, այո, միակ հասցեատիրոջ դուռը։ Քանի որ Պախանը երեկ, այսօր ու վաղը Հաց Բերողի հետ է կռվել, կռվում և կռվելու և այդ կռիվը տանուլ է տվել։

Միհրդատ Եվպատոր

Ամբողջական՝  «Չորրորդ իշխանությունում»

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս