loader
Համապետական շաբաթօրյակին շուրջ 1700 միավոր տեխնիկա կլինի, կփակվեն 6 աղբանոցներ. Սուրեն Պապիկյան

Համապետական շաբաթօրյակին շուրջ 1700 միավոր տեխնիկա կլինի, կփակվեն 6 աղբանոցներ. Սուրեն Պապիկյան

Մարտի 23-ին տեղի է ունենալու համապետական առաջին շաբաթօրյակն, առաջին, որովհետև այս շաբաթօրյակը նպատակ ունի մաքրել Հայաստանն աղբից, իսկ դա անել մեկ օրում՝ մեկ շաբաթօրյակի ընթացքում, հնարավոր չէ, և այս պրոցեսը լինելու է շարունակական: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նկատելով, որ ամեն ամիս լինելու է համապետական մաքրության օր։ 

«Բոլորիս համար գաղտնիք չէ, որ հանրային պահանջը մի կողմից շատ կարևոր է, բայց մյուս կողմից անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գիտակցենք, որ մեր տնից դուրս մեր հոգածության ներքո տարածք գոյություն ունի։ Այսինքն՝ մենք բոլորս հոգածությամբ ենք վերաբերում մեր անձնական տարածքին՝ բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերն այլ է։ Յուրաքանչյուրս կարող ենք նկատել, որ մի բան է շքամուտքը քաղաքացու համար, մի այլ բան է բնակարանը, քանի որ բնակարանից դուրս քաղաքացիներն օտար տարածքի նման են վերաբերում»,- ասաց Պապիկյանը։

Նախարարը նկատեց, որ անցած տարվա հեղափոխությունը նաև մտածողության հեղափոխություն էր, և այս ասպարեզում էլ կարծրատիպերի, սահմանների, կապանքների վերացման, կոտրման խնդիր կա։

«Ժամանակն է հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր անկյուն քաղաքացունն է, յուրաքանչյուր ծառ, այգի ու թուփ ՀՀ քաղաքացու տարածքն է, որի նկատմամբ պետք է ունենանք այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կունենանք մեր անձնական տարածքի նկատմամբ։ Հավատացնում եմ՝ այս պարագայում մենք կունենանք այլ իրողություն, այլ երկիր, քաղաքներ ու գյուղեր։ Սա, իհարկե, բխում է նաև զբոսաշրջության շահերից, սա մեր երկրի դիմագիծն է, սա ՀՀ անձնագիրն է։ Ես, յուրաքանչյուր համայնք գնալով, կարծիք եմ կազմում այդ համայնքի կազմակերպչի կամ այդ համայնքի քաղաքացու պահանջատիրության մասին, երբ տեսնում եմ այդ համայնքի մաքրությունը, սա մեզ համար պետք է առանցքային խնդիր լինի։ Երբ խոսում ենք, որ երբ ՀՀ-ն ազատվի աղբից, շատ բան կփոխի, սրա տակ շատերը փնտրում են լոկ բառեր, ոչ, այստեղ կա խորը իմաստ, քանի որ քաղաքացին պահանջատեր և իրավատեր է այն պարագայում, երբ Հայաստանի յուրաքանչյուր անկյունի նկատմամբ ունի հոգածություն»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջին համապետական շաբաթօրյակին ակնկալվում է, մոտավորապես, 125-150 քաղաքացու մասնակցություն, կմասնակցեն նաև պետական մի շարք կազմակերպությունների իրավասության տիրույթում գտնվող տեխնիկական միջոցներ՝ շուրջ 1700 միավոր, կփակվեն 6 աղբանոցներ և շուրջ 447 աղբակույտեր, որոնք այսօր Հայաստանում առկա են։

«Հայաստանում ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկ չի համապատասխանում միջազգային չափանիշներին, սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ։ Ինչպես նաև կան սովորույթով հաստատված աղբավայրեր, որոնք մոտակա ձորակներն են, և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են, սակայն այս ամենը պետք է բերել ստանդարտացման»,- ընդգծեց Պապիկյանը։

Նա նաև նկատեց, որ ամսի 23-ը լուծումը չէ, այլ մեկնարկն է: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս