loader
Հանրապետականները մեր մարզում  դեռ սաբոտաժ են անում. բողոքի ակցիա

Հանրապետականները մեր մարզում դեռ սաբոտաժ են անում. բողոքի ակցիա

Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ այս պահին Կառավարության շենքի առջև են: Նրանք իշխանությունից ոռոգման ջրի պատշաճ մատակարարում են պահանջում:

Գյուղացիների խոսքով՝ Ջրօգտագործողների ընկերությունն իրենց ջուր չի տալիս, իսկ դաշտերն արդեն չորանում են:

«Ջուրը կա, բայց մեզ դիտավորյալ ջուր չեն տալիս: Խաղողին վերջին ջուրը պետք է տանք, բայց ջուր չունենք: Մեր մարզում դեռ հանրապետականները սաբոտաժ են անում, եկել ենք այս մասին փոխանցելու վարչապետ Փաշինյանին, իսկ վարչապետն ուզում է, որ ամեն ինչ թափանցիկ լինի»,- Հայաստան 24-ի հետ զույցում ասացին Արարատի մարզի բնակիչները:

Բողոքի դուրս եկած գյուղացիներն ասացին, որ Արտաշատ ՋՕԸ-ն իրենց ջուրը կտրում է և տալիս նախկին իշխանության ներկայացուցիչներին: Այս ջրով ոռոգվում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը:

««Արտաշատի» ՋՕ-ի տնօրենը Վեդիում 80 հեկտար հող ունի, մեր ջուրը կտրում է և իր հողերն է ոռոգում: 80 հեկտարն էլ Հովիկ Աբրահամյանի հողերն են: Երկուսի հողերը հազիվ են ջրում: Մենակ իրենց հողերն են ջրում, բա այս ժողովուրդն ի՞նչ անի»,- մտահոգություն հայտնեց Ավագյանը:

Ոռոգման ջրի պահանջով նրանք օրեր առաջ հանդիպում են ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Մարզպետը փոխանցել է, որ խնդիրը կկարգավորվի, և Արտաշատ Ջրօգտագործողների ընկերության տնօրենն էլ աշխատանքից կազատվի, բայց «Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանի խոսքով՝ նա դեռ աշխատում է:

«Մարզպետին էլ չեն լսում: Մարզպետն ասաց, որ այդ մարդիկ առավոտվանից էլ չեն աշխատի, բայց շարունակում են աշխատել՝ հա՛մ կաշառակեր են, հա՛մ աշխատում են: ՋՕԸ-ի տնօրենն ու իր աշխատակիցները Հովիկ Աբրահամյանի և Ալիկ Սարգսյանի մարդիկ են»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ Ջրօգտագործողների ընկերությունը սաբոտաժ է անում Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց և բողոքի:

««Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենը՝ Մարտիկ Առաքելյանը, նախկինում «Վեդի» ՋՕԸ-ում է աշխատել, նրան թալանի համար գործից հանել են ու բերել այստեղ»,- հայտնեց նա:

Արարատի մարզի բնակիչները պահանջում են «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենի և տեղակալների հրաժարականը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս