loader
Հանրությանը մոլորության մեջ եք գցում. նախարարը՝ ցույցի մասնակիցներին

Հանրությանը մոլորության մեջ եք գցում. նախարարը՝ ցույցի մասնակիցներին

Սահմանում գերի են մեր մեքենաները. հայտարարում են ԱԺ-ի առաջ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք բարձրաձայնում են, որ այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Նախաձեռության անդամները բողոքում են, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն իրենց խնդիրն անտեսում է: Նրանք ասում են, որ շատ մարդիկ ձեռք են բերել աջ ղեկով մեքենաներ՝ տեղյակ չլինելով օրենքի սահմանափակումներին, որ հոկտեմբերի 1-ից արգելքը չի հանվում։

Բողոքավորների խնդիրը լսելու եկավ Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա, լսելով բողոքը, հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները սխալ տվյալներ են ներկայացնում և բոլորին մոլորության մեջ գցում:

«Մի՛ ասեք՝ 2000 քաղաքացու փաստի առաջ եք կանգնեցրել, նախ մենք չենք կանգնեցրել: Մի՛ ասեք՝ այդքան մեքենա կա, որովհետև դուք հանրությանը մոլորության մեջ եք դնում: Մարդիկ էլ մտածում են, որ բերել են և մնացել կանգնած»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ի պատասխան՝ բողոքավորները նշեցին, որ կառավարությունն էլ իր հերթին է իրենց մոլորության մեջ գցել:

Արշակյանը նշեց, որ օրենքն այս պահին արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Կառավարությունը չի կարող օրենքը չեղարկել, ԱԺ-ն պետք է փոփոխություններ մտցնի օրենքում, բայց հիմա որևէ ընթացակարգ չկա

Ըստ Հակոբ Արշակյանի՝ խնդիրը լուծելու համար նախ պետք է ճշգրիտ ինֆորմացիա դնել քննարկման սեղանին:

«Այս պահին ես դա չեմ տեսնում: Կարող է լուծումն այն է, որ այդ մեքենաները չմտնեն Հայաստան: Պետք է քննարկենք դա: Նախարարությունն իրենց հետ քննարկման մեջ է»,- ասաց նա:

Պայմանավորվեցին հարցը քննարկել: Նախարարի պաշտոնակատարն ակցիայի մասնակիցներին առաջարկեց հստակ ինֆորմացիա տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և իրենց պահանջները ձևակերպել:

Նշենք, որ օրեր առաջ աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս