loader
Հասցեատերերը հասկացել են, թե ում է այն ուղղված. վարչապետի խոսնակ

Հասցեատերերը հասկացել են, թե ում է այն ուղղված. վարչապետի խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա, թերևս, այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։

Վարչապետը նաև հորդոր է հղել .«Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»:

Վարչապետի այս հայտարարությունն արդեն քննարկումների և դժգոհությունների տեղիք է տվել: Թե ո՞ր հեռուստաընկերություններն են վարչապետի գրառման հասցեատերերը, Հայաստան 24-ը փորձեց տեղեկանալ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից:

Նա փակագծեր չբացեց, սակայն, հայտնեց, որ հասցեատերերը հասկացել են, թե ում է այն ուղղված:

«Խոսքը չի վերաբերում իշխանությունների քննդատությանը: Եվ այն լրատվամիջոցները, որոնք իրենց չեն համարում այս գրառման հասցեատեր, անհանգստանալու ոչինչ չունեն»,- փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունեն հակապետական քարոզչություն ասելով՝ Եղոյանը պատասխանեց. «Հակապետական քարոզչություն նշանակում է քարոզչություն՝ պետության դեմ: Ամեն ինչի մասին էլ կարելի է խոսել: Այնպես չի, որ արտաքին քաղաքականության մասին կամ բանակի մասին խոսելն ինքնին հակապետական կամ պետականամետ քարոզչություն է: Ցանկացած ոլորտից էլ մարդիկ խոսում են և քննադատություն կատարում: Շատ հասկանալի է ամեն ինչ: Խոսքը չի վերաբերում քննադատություններին: Ստատուսն ավելի լայն արձագանք է գտել, քան սպասվում էր: Անհանգստանալու խնդիր չկա»:

Հարցին, իսկ արդյո՞ք վարչապետի հայտարարությունը կհանգեցնի խոսքի ազատության սահմանափակման, Արման Եղոյանն արձագանքեց. «Իհարկե՝ ոչ: Վարչապետը նաև ԱԺ-ում ասաց, որ կան ուժեր, որոնք հակապետական քարոզչություն են կատարում: Դա վարչապետի խնդրանքն է, կոչը: Եթե վարչապետը կարգավորումներ անելու ցանկություն ունենար որևէ այլ միջոցով, գրառման իմաստն էլ ո՞րը կլիներ: Խոսքը շատ կոնկրետ իրավիճակից բխող արձագանքի մասին է, և մեծ հաշվով՝ անհանգստանալու առիթ չկա: Եթե վարչապետը մտադրություն ունենա այլ բաներ անելու, դա կերևա չէ՞, եթե չերևա, հետևաբար, սա ընդամենն ընկերական կոչ է: Միանշանակ՝ ում ուղղված էր այս գրառումն, արդեն հասկացավ»,- պարզաբանեց վարչապետի մամուլի խոսնակը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս