loader

Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ և ՀՀ քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը. վարչապետ. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ, լրագրողներ, ներկաներ,

Իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այսօր ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության և գաղափարի մասին, որ պետք է գործնականում դրվի տնտեսական հեղափոխության հիմքում:

Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Շատ կարևոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում: Ո՞րն է քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսի՞ն էր իրավիճակն այդ հեղափոխությունից առաջ և հետո: Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայասատանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայասատանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել, կամ եթե կարող է անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Իսկ այդ համակարգում ո՞վքեր էին արել ինչ-որ բան. դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա` կիսաաստվածներ, ովքեր կարող էին որոշել ճակատագրեր, ովքեր սահմանափակված չէին ոչնչով, նրանք, այո, կիսաաստվածային կարգավիճակ ունեին Հայաստանի Հանրապետությունում:

Ի՞նչ է հեղափոխությունից հետո փոխվել է և ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Պատասխանը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, ովքեր օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք: Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի որևէ բանով սահմանափակված չէ: Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրն ունի քսանչորս ժամ, շաբաթը` յոթ օր: Սա այն իներցիան է, որը մեզ այսօր խանգարում է:

Հարգելի գործարարներ, այն, ինչ տեսնում և լսում եք, իրականություն է: Կառավարության հիմնական խնդրրն է այնպես անել, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը:

Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը: Այսօր արդեն տասնյակ օրինակներ կան, երեկ՝ օրինակ, բոլորս մասնակցում էինք Երևանի գինու փառատոնին, որը երեք տարվա ընթացքում իր մասշտաբներով եռապատկվել, քառապատկվել է: Ի՞նչ է արել կառավարությունը, ընդամենը հնարավորություն է տվել, որ մարդիկ իրենց ստեղծարար հմտություններն իրականացնեն: Սա երևույթ է, որը փոխում է երկրի իմիջը, տնտեսական հնարավորությունները:

Կառավարության ուղերձը քաղաքացիներին հետևյալն է. դուք ուժեղ եք և դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար հմտությունները: Կառավարության հիմնական խնդիրն է քաջալերել ձեր բոլոր նախաձեռնությունները, և մենք այսօր ամենօրյա ռեժիմով հենց այս խնդիրն ենք լուծում: 

Մայիսի 8-ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ Հայաաստանի Հանրապետությունում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենակարող է, ամենազոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»: 


Համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Ներկայացվում են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ՝ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Արարատում անցկացվող բիզնես համաժողովը ՀՀ ՏԿԶ նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա հաջորդ մարզային բիզնես ֆորումն է։ 2019թ. կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 7 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս