loader
Հեռուստատեսությունը մաքրելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսությունը մաքրելու անհրաժեշտությունը

Վերջին շրջանում Հայաստանում կատարվող բուռն փոփոխությունները գալիս են փաստելու, որ տեղի է ունեցել ոչ միայն քաղաքական, այլև մտքի ու գիտակցության հեղափոխություն։ Վերջապես քաղաքացուն է վերադարձել հավատը՝ իր դերի ու ապագայի հանդեպ։ Այժմ մենք մտել ենք հեղափոխությունը ամրագրելու փուլ։ Կարճ ասած՝ կարիք կա de facto ձեռք բերված հաջողությունները de jure ամրագրելու։ Այժմ դժվար է գտնել մի ոլորտ, որ ավել կամ պակաս չափով անհրաժեշտություն չունենա փոփոխությունների։

Այդպիսի ոլորտներից մեկն էլ հեռուստատեսությունն է։ Կարիք չկա այստեղ խոսելու հասարակության համար հեռուստատեսության ունեցած կարևորագույն դերի ու նշանակության մասին․ այն ոչ միայն ժամանց ապահովելու, այլ սերունդ կրթելու առաքելություն պետք է ունենա։

Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանության հենասյուներից մեկն էլ հենց հեռուստատեսությունն էր(գլխավորը՝ Հ1), որն ստանձնել էր իշխանության վարած քաղաքականության քարոզչի դերը։ Համաժողովրդական շարժումը հստակորեն ցույց տվեց մեկ բան՝ ՀՀԿ-ն կտրվել էր իրականությունից և բաց էր թողել զարկերակը, ուստի և զրկվեց իշխանությունից։ Այս ալիքի տակ զգացվեց ևս մեկ իրողություն․ նրանց սպասարկու հեռուստաընկերությունները նույնպես կտրված էին իրականությունից։ Վերջիններս ոչ բավարար կերպով և կողմնապահորեն էին լուսաբանում տեղի ունեցող իրադարձությունները՝  դրանով իսկ ցույց տալով, որ կարիք ունեն ֆունդամենտալ փոփոխության։ Այս համատեքստում առանձնապես պետք է շեշտել հանրային հեռուստաընկերությունը, որն ի տարբերություն մասնավորների, պահվում է հարկատուների հաշվին։ Վերջինս, սակայն, ՀՀԿ-ի իշխանության շրջանում վերածվել էր վերջինիս գաղափարական կցորդի՝ դառնալով նրա խոսափողը։ Բավարար է միայն հիշել, որ Հ1-ը, չնայած երկրում առկա գործազրկության ու աղքատության բարձր մակարդակին, վտանգավոր չափերի հասնող արտագաղթին, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակին, շարունակում էր Հայաստանը ներկայացնել որպես «զարգացող երկիր», որը օր-օրի զարգանում է և ուր անընդհատ «ներդրումներ են կատարվում»։

Եթե Հ1-ի պարագայում խնդիրները կապված են գաղափարական-քաղաքական հարցերի հետ, ապա իրավիճակը առավել անմխիթար է մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում։ Խոսքը հատկապես գնում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող Panarmenian Media Holding-ի (ATV, Արմենիա) և Շանթ հ/ը-ան  մասին, որոնց եթերը ողողված է ցածրորակ ու էժանագին սերիալներով։ Այստեղ մի փոքր կանգ առնենք և նշենք դրանց մեջ պարունակվող վտանգների մասին։

Գաղտնիք չէ, որ մեր հեռուստադիտողների շրջանում սերիալները բավական լայն տարածում ունեն։ Հասարակության մի ստվար հատված իր օրը պարզապես չի պատկերացնում առանց սերիալ դիտելու։ Բայց այստեղ հարկ է հասկանալ թե ինչ են մատուցում սերիալները։ Դրանցում հիմնականում խոսվում է քրեական բարքերով ապրող, բարոյական ցածր նկարագիր ունեցող մարդկանց կյանքի ու կենցաղի մասին, իսկ սպանությունները, գողությունները, դաժանությունը անպակաս են սերիալներից։ Ստացվում է որ սերիալները մեզ սովորեցնում են փողոցի օրենքներ, քրեական բարքեր և նմանօրինակ արժեքներ։ Հանուն անկեղծության պետք է նշենք, որ սերիալները արտացոլում են մեր ունեցած իրականությունը, որը, սակայն, փոփոխվելու ճանապարհին է։ Մեկ այլ կողմից՝ սերիալները տարիներ շարունակ բթացրել են մարդկանց գիտակցությունն ու սպանել քաղաքացիական ակտիվությունը։

Այսպիսով հեռուստաընկերությունները, որոնք խաղալիք էին դարձել նախկին իշխանությունների ձեռքին, իրենց մատուցած եթերով տարիներ շարունակ մարդկանց մեջ սպանել են քաղաքացուն և նրանց պահել իշխանությանը հնազանդ։Խնդիրը չի շրջանցում նաև այլ հեռուստաընկերություններին, որոնք չնշվեցին։ Այս խմբի մեջ հատկապես առանձնանում են նրանք, որոնք այս կամ այն քաղաքական ուժին են պատկանում, ինչն անուղղակի գաղափարական սահմանափակումներ է դնում լրատվության օբյեկտիվության վրա։ Եվ այժմ, համաժողովրդական շարժման ու զարթոնքի հիման վրա իրականացված թավշյա հեղափոխության արդյունքում կա հնարավորություն և հեռուստատեսությունը վերափոխելու հրամայական պահանջ։

Նոր ձևավորվող կառավարությունը, սկզբնական այս դժվար շրջանը հաղթահարելուց հետո, պետք է ձեռնամուխ լինի հեռուստատեսության հետ կապված խնդիրների լուծմանը։ Այդ ճանապարհին պետք է մերժվեն առկա բոլոր արատավոր երևույթները՝ որպես հնի ու հին իշխանության խորհրդանիշ։ Նոր Հայաստանում հեռուստատեսությունը պետք է ծառայի միայնումիայն ժողովրդին և իր գործունեության առանցքում ունենա քաղաքացուն սպասարկելու, կրթելու առաքելությունը։ Դրա իրագործման ճանապարհին հեռուստաեթերում պետք է ավելացվեն գիտահանրամատչելի, ճանաչողական և մշակութային հաղորդումները, իսկ գոյություն ունեցողները՝ ազատվեն գաղափարական կապանքներից։ Առավելագույն ուշադրության պետք է արժանացվի լրատվությունը և ապահովվի վերջինիս օբյեկտիվությունը։

Խնդիրների լուծումը գուցե երկար ժամանակ ու մեծ ջանքեր պահանջի, սակայն օբյեկտիվ և կրթող հեռուստատեսությունը գիտակից քաղաքացիական հասարակություն ունենալու և ժողովրդավար պետություն կերտելու հենասյուներից է։

Ավետիս Կարեյան

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս