loader
Ինչպե՞ս են հնարավոր դառնում նման երևույթները. վարչապետն անդրադարձավ «Արմատ»-ի խմբակավարների աշխատավարձերի խնդրին

Ինչպե՞ս են հնարավոր դառնում նման երևույթները. վարչապետն անդրադարձավ «Արմատ»-ի խմբակավարների աշխատավարձերի խնդրին

Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ՝ այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողներն երեք ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է այս հարցի հետ կապված պարզաբանումներ տալ: Մինչ կառավարության նիստը մեկնարկելը վերոնշյալ հարցերը բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վարչապետի բարձրացրած խնդրին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ  նախորդ տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են ուղիղ դրամաշնորհներով:

«Այս տարի ֆինանսավորման ձևը փոխվել է և դարձել մրցութային: Ծրագիրն իրականացնողներն առարկություն են հայտնել սրա հետ կապված: Փետրվարին առարկությունը հայտնել են, մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել Ֆինանսների նախարարության հետ, որը վաղը կքննարկվի կոմիտեի նիստին և հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»,- ասաց Հարությունյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, որ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության աշխատողներին, այլ խոսքը վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող ծառայությունների դիմաց վճարումներին:

«Ֆինանսավորման տրամաբանությունը փոխելու հարցը քննարկվել է մի քանի անգամ, այդ թվում՝ պետական բյուջեի նախագծի շրջանակում»,- ասաց Ջանջուղազյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե փողը կա, երեք ամիս է՝ ծառայությունը մատուցվել է, և մարդիկ իրենց վճարը չեն ստացել, սա աննորմալ երևույթ է: Ինչպե՞ս են հնարավոր դառնում նման երևույթները: Ֆինանսավորման ձևերը փոխում ենք, որ ավելի լավ լինի, թե՞ ավելի վատ լինի: Փոխում ենք, որ լավ լինի, հետևաբար հարց՝ ինչո՞ւ է ավելի վատ: Ինչո՞ւ մինչև հիմա մրցույթ չի եղել»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ այսպիսի դեպքերում շատ կարևոր է, որ մանրակրկիտ քննարկումներ լինեն այն գերատեսչությունների հետ, ովքեր խնդրով զբաղվում են՝ մինչ կառավարության որոշում ընդունելը: Նա հնարավոր համարեց, որ Գյումրու և Վանաձորի տեխնոպարկի դեպքում էլ կարող է այդ հարցը առաջանալ հետագայում:

Արշակյանը նաև կասկած հայտնեց, թե ֆինանսավորման ձևերը փոխելու նախագիծը շրջանառվել է նախարարությունների միջև:

Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ նախագիծը շրջանառվել է և ևս մեկ անգամ նշեց, որ այն նույնիսկ մի քանի անգամ քննարկվել է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց այսօր նիստի օրակարգում ներառել հարցը, սակայն վարչապետը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել:

«Երեք ամիս ժամանակ է անցել, պետք է ժամանակին այդ որոշումները քննարկել, կայացնել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ՝ ի՞նչ աշխատանք է պլանավորվում, ի՞նչ է պետք անել առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա, երեք  ամսվա մեջ և այդպես գնալ առաջ։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ սա ի՞նչ է, ասեն՝ լավ բերեք, այն որոշումը հանեք սեղանի ոտքի տակից, բերեք դրեք նիստում քննարկեք... Քննարկեք և նորմալ ժամանակ որոշում կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս