loader
Ինձ ընդունեք որպես ձեզանից մեկը և հաջողություններ կունենանք. Հունան Պողոսյան

Ինձ ընդունեք որպես ձեզանից մեկը և հաջողություններ կունենանք. Հունան Պողոսյան

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա 1129-Ա որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել էր ՀՀ Սյունիքի մարզպետ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Մարզպետին ներկայացնելու հանդիպմանը ներկա էին Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները: 

Նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց՝ մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել նշելու, թե Սյունիքն ինչ կարևորություն ունի Հայաստանի համար, կառավարության համար, իսկ հանրապետության բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որևէ քաղաքացի կասկած չպետք է ունենա:

«Առաջիկայում մեզ սպասում են կարևոր իրադարձություններ, գալիք խորհրդարանական ընտրություններում դնելու ենք նոր Հայաստանի հիմքը, և  այդ Հայաստանում ընդմիշտ պետք է արմատախիլ արվի թայֆայական մտածողությունը, - ասաց նախարարը՝ շարունակելով, - պարոն Պողոսյանին ներկայացնելու, նրա մասին խոսելու կարիք, կարծում եմ, չկա, որովհետև ձեզ ներկայացնում եմ սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն»: 

Սուրեն Պապիկյանը նաև  խոստացավ, որ յուրաքանչյուր քաղաքացու՝ նոր իշխանության ներկայացուցչի հակաօրինական արարքի մասին ներկայացրած փաստ օրինական արձագանք կստանա: 

«Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, և այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու»,- հավելեց նախարարը՝ շնորհավորելով մարզպետին և մաղթելով բեղուն գործունեություն: 

Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար: Համբարձումյանը ևս շնորհավորեց և բարի կառավարում մաղթեց Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, իսկ ինքը այսուհետ ևս պատրաստակամ է աջակցել՝ ի շահ Սյունիքի: 

Նորանշանակ մարզպետը մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման ւ զարգացման նախարարին ու նշելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի հետ՝ դիմեց ներկաներին.

«Խնդրում եմ, որ ինձ համարեք ձեզանից մեկը, հավատացեք՝ իրոք այդպես է, և  եթե ինձ ընդունեք որպես ձեզանից մեկը, հաջողություններ կունենանք»: 

Նշենք նաև, որ մինչ մարզպետարանում նախատեսված հանդիպումը, նախարարը, մարզպետն ու Կապան այցելած ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն այցելեցին Կապանի քաղաքային մարզադաշտ  և ծանոթացան այն խնդիրներին, որոնց պատճառով այժմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս