loader
Իշխանության գլուխը փոխել են, ողնաշարը՝ թողել նույնը

Իշխանության գլուխը փոխել են, ողնաշարը՝ թողել նույնը

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին որդեկորույս մայրերն էին, ովքեր տարիներ շարունակ իրենց բողոքի ձայնն են հնչեցնում, որպեսզի բանակում իրենց որդիների մահվան մեղավորները բացահայտվեն: Մայրերը նշում են, որ չեն հանդարտվի ու չեն լռի մինչև արդարադատություն չիրականացվի: 

Հայաստան 24-ի հետ զրույցում բանակում խաղաղ պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի վարչապետը իրենց ընդունի, որպեսզի իրենք ասեն, որ ոչ մի բան չի արվել իրենց որդիների սպանությունները բացահայտելու ուղղությամբ:

«Ցավով ենք արձանագրում, որ իշխանությունը փոխվել է, բայց համակարգը մնացել է նույնը: Սերժին փոխարինեց Նիկոլ Փաշինյանը, սակայն գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, Քննչական կոմիտեի պատասխանատուները մնացին նույնը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը Սեյրան Օհանյանի աջ ձեռքն էր, քաջատեղյակ է մեր երեխաների սպանությունների մասին, ու, թերևս, այդ պատճառով է, որ ոչ մի բացահայտում բանակում հանցագործ հրամկազմի մասով չի արվում: Նորից ենք ասում` մինչև իրավապահ մարմինները չփոխվեն՝ մեր զավակների գործերում ոչ մի առաջընթաց ու ոչ մի բացահայտում չի լինելու: Սերժի գլուխը հանել են, բայց ողնաշարը մնացել է նույնը: Մենք իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ քանի դեռ չեն փոխվել այդ մարդիկ` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, այն ժամանակ Քննչական կոմիտեի պետի տեղակալ Հայկ Գրիգորյանը, բանակում կատարվող սպանություններն ու հանցագործությունները շարունակվելու են: «Նարկամաններն» ու վիժվածքները այսօր մեծ թիվ են կազմում բանակում, ազատվեք նրանցից, պատժեք նրանց: Պատժեք բանակի հանցագործներին, որպեսզի կանխվեն սպանությունները բանակում: Դավիթ Տոնոյանը մեզ չի ուզում ընդունել, որովհետև շատ լավ տեղյակ է մեր գործերից, գիտի թե իր բանակում ինչ է կատարվում, և իր հրամկազմը ինչով է զբաղված: 10 ամիս է անցել վարչապետի հետ հանդիպումից, որը իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մենք` ծնողներս, հանդիպենք իր հետ իրավաբանների հետ, որպեսզի խոսակցությունը էմոցիոնալ դաշտում չլինի: Բայց մենք վաղուց էմոցիոնալ չենք խոսում, մեզանից ամեն մեկը փորձառու փաստաբանից լավ է ուսումնասիրել իր որդու քրգործը և բազմաթիվ աղաղակող փաստեր է հայտնաբերել: Մենք ուզում ենք Փաշինյանը մեզ ընդունի, և հանդիպմանը ներկա լինեն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը: Մենք այսօր էլ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին ասացինք, որ հանդիպում ենք ուզում, ինքն էլ պատասխանեց, որ կփոխանցի:

Ես ուղղակի չեմ հասկանում, եթե կարող են ձերբակալել Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին, չե՞ն կարողանում բանակի հանցագործ հրամանատարներին ձերբակալել, որ էն մյուսներին էլ դաս լինի: Ով ուզում է նստած լինի էս շենքում ղեկավար, մենք չենք հանդարտվելու, չենք դադարելու մինչև մեր էրեխեքին սպանողը պատասխան չտա, մենք չենք հանգստանալու: Բանակը պիտի մաքրեն աղբից: Ասում ենք՝ ցեղասպանություն է կատարվել Արևմտյան Հայաստանում: Էսօր բանակում է ցեղասպանությունը ու ներսի թշնամու ձեռքով»,- ասաց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս