loader
Քաղաքապետարանը ձեռքերը լվացել է, իսկ «Սանիթեքն» էլ բոյկոտում է. Չիլինգարյան

Քաղաքապետարանը ձեռքերը լվացել է, իսկ «Սանիթեքն» էլ բոյկոտում է. Չիլինգարյան

«Սանիթեք» ընկերությունը ոտնահարում է սպառողների իրավունքները: Հայաստան 24-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա համոզմամբ՝ աղբահանության գործում թերանում է և՛ «Սանիթեք»-ը, և՛ քաղաքապետարանը: Չիլինգարյանի խոսքով՝ աղբահանությունը միշտ էլ պատշաճ չի իրականացվել, իսկ ահա վերջերս գրեթե բարձիթողի վիճակում է:

«Քաղաքապետարանն է պայմանագիր կնքել նրանց հետ, և պետք է ծառայությունը վերահսկի, ցավոք սրտի, քաղաքապետարանը ձեռքերը լվացել է և ոչինչ չի անում: Իսկ «Սանիթեք»-ը կարծես թե բոյկոտում է: Տարիներ շարունակ «Սանիթեքի» կողմից լիարժեք ծառայություն չի մատուցվել»,- նշեց նա:

Կարեն Չիլինգարյանը հիշեցրեց, որ աղբահանություն կատարող ընկերությունը նաև կառավարության որոշումներն է անտեսում: Ըստ այդմ՝ +5-ից բարձր ջերմաստիճանի դեպքում պարտադիր պետք է ամեն օր աղբահանություն իրականացվի, բայց այս նորմը չի կատարվում:

«+5-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղբահանությունը պետք է առնվազն 2 օրը մեկ կատարվի, իսկ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում՝ ամեն օր: Մինչդեռ մեր երկրում 3-4 օրը մեկ է աղբը հավաքվում, իսկ վերջին ժամանակներս, երբ ջերմաստիճանը +42-ի է հասնում, աղբահանությունը խայտառակ վիճակում է: Աղբը 4-5 օր մնում է աղբամաններում, նեխում և գարշահոտություն է տարածվում»,- նկատեց սպառողների իրավունքի պաշտպանությամբ զբաղվողը:

Կարեն Չիլինգարյանը «Սանիթեքի» աշխատակիցների հետ խոսել է: Նրանք արդարանում են, որ ավտոմեքենաներն են հնամաշ և տեխնիկայի պատճառով իրենց աշխատանքը հետ է ընկնում: Բացի այս, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահն այստեղ նաև սպառողների մեղքի բաժինն է տեսնում: Մեր երկրում աղբ թափելու մշակույթ չկա, ինչն էլ քաոս է ստեղծել:

«Շինարարական աղբը թափում են կենցաղայինի հետ: Աշխատակիցները գալիս են, աղբը հավաքում, երբ լցնում են մեքենան և փակում այդ ժամանակ բետոնի, երկաթի կտորները ջարդում են աղբահավաք տեխնիկան: Հիմա իրենք ասում են, որ ահագին մեքենաներ ջարդված կանգնած են»,- ներկայացրեց Չիլինգարյանը:

Նա նշեց, որ քաղաքապետարանն էլ բարեխիղճ չէ, իսկ սպառողը պարտաճանաչ աղբի գումարները վճարում է՝ փոխարենը վատ սպասարկում ստանում:

«2011 թվականին Ազգային ժողովի նիստում աղբահանության օրենքը հապճեպ ընդունվեց, որն ի վնաս սպառողի էր: Սպառողը միայն պարտականություններ ունի և ոչ մի իրավունք: Վատ պայմանագիր և որոշում է ընդունվել: Սպառողը վճարումն ուշացնելու դեպքում տույժ-տուգանքի է ենթարկվում, բայց նա այդ պայմանագրով իրավունք չունի վատ սպասարկման դիմաց փոխհատուցում պահանջել: Սպասարկման գինն էլ բարձրացրեցին, բայց դրանով խնդիրները չկարգավորվեցին, ավելին՝ վիճակն ավելի սրվեց»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝ խնդիրը կարգավորելու համար պետք է աղբ թափելու մշակույթ ձևավորվի՝ տարանջատվեն աղբի տեսակները, որոնք էլ կունենան համապատասխան աղբատարներ. քաղաքակիրթ երկրներում այդպես է արվում:

Մանյա  Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս