loader
Կատարում կստեղծվի ՀՀ դեսպանատուն

Կատարում կստեղծվի ՀՀ դեսպանատուն

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծել։

Կառավարության հիմնավորմամբ, նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Նստավայրը կտեղակայվի Դոհայում:

Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տևողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը: Ըստ գործադիրի՝ որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Կատարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:

Նախագիծը նաև նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Կատար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս