loader
ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. Արտակ Զեյնալյան

ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. Արտակ Զեյնալյան

Քրեակատարողական հիմնարկներում այսօր գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«ՔԿՀ-ներում կա 5350 մահճակալ, իսկ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ: Հետևաբար չի կարող լինել ծանրաբեռնվածություն: Այս խնդիրն այս իշխանությունների օրոք լուծված է, և սրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացված են»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ նույնականացման քարտեր ու անձնագրեր ստացել են 45 կալանավորված ու դատապարտյալ անձինք, ինչպես նաև դատապարտյալներից 281-ը ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում: Այն իրականացվել է դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական, վերականգնողական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նաև, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է ոլորտի բարեփոխմանն ուղղված փաթեթ, որի վերջնական ընդունման արդյունքում կլինի հետևյալ իրավիճակը. «Դատապարտյալներին ՔԿՀ-ներում տեղաբաշխելու գործընթացում հաշվի կառնվի նաև այն հանգամանքը, թե տվյալ հիմնարկում պատիժ կրելու դեպքում արդյո՞ք երաշխավորվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ կապը»: 

Նախարարի փոխանցմամբ՝ կալանավորված անձանց, բացի կարճատև տեսակցությունից, կտրամադրվի նաև երկարատև տեսակցություն՝ երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ մինչև 3 օր տևողությամբ:  Ընդ որում, կալանավորի խնդրանքով, երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս