loader
Կույրերի միավորման ղեկավարության դեմ բողոքի ակցիա իրականացնողները նամակով դիմել են վարչապետին

Կույրերի միավորման ղեկավարության դեմ բողոքի ակցիա իրականացնողները նամակով դիմել են վարչապետին

«Հայաստանի կույրերի միավորման» ղեկավարության դեմ բողոքի ակցիա իրականացնողներն արդեն 5-րդ օրն են լուսացնում ՀԿՄ գրասենյակի շենքում: Նախաձեռնության անդամները նստացույց և հացադուլ են հայտարարել: Նախաձեռնության անդամ Սիփան Ասատրյանը Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ակցիայի հացադուլ հայտարարած մասնակիցն այն դադարեցրել է: Այս քայլերով նրանք պահանջում են բացահայտել Կույրերի միավորումում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կոռուպցիան։

Իսկ իրենք Կույրերի միավորումում տեղի ունեցած անօրինականությունների մասին գրավոր տեղեկացրել են պետական մարմիններին: Նամակները հասցեագրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական վերահսկողության ծառայությանը:

«Մենք միավորումում կատարված չարաշահումների և անօրինականությունների վերաբերյալ փաստերն իրենց ենք փոխանցել և խնդրել ենք, որ համապատասխան քայլեր ձեռնարկեն»,- փոխանցեց Սիփան Ասատրյանը:

Միաժամանակ նրանք նաև Կույրերի միավորման ղեկավարության հրաժարականի պահանջն են ներկայացնում` հայտարարելով, որ տարիներ շարունակ ոչինչ չեն ստացել միավորումից։ Միության նախագահն արդեն հրաժարական է տվել, բայց այսքանով նախաձեռնության անդամները չեն սահմանափակվում: Ակցիայի մասնակիցները նոր ընտրություններ են պահանջում:

«Ուզում ենք նոր ուժերի ներառում տեսնել, որովհետև կան երիտասարդներ, ովքեր ակտիվ են, ովքեր կարող են ավելի շատ բաներ անել, ովքեր անդամ են, բայց նրանց ձայնը երբեք չի լսվել։ Իշխանությունն անընդհատ վերարտադրվել է, ինչպես որ նախկին Հայաստանում էր»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ իրենց պայքարը շարունակելու են այնքան մինչև միավորման մյուս անդամները ևս հրաժարականի դիմում ներկայացնեն:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս