loader
Կխնդրեմ հարկային արտոնությանը խնամքով վերաբերվենք. Ատոմ Ջանջուղազյան

Կխնդրեմ հարկային արտոնությանը խնամքով վերաբերվենք. Ատոմ Ջանջուղազյան

Կառավարությունում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների ներմուծումը մինչև 2022 թվականը: Բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ներմուծվել է 23 էլեկտրամեքենա, իսկ 2018 թվականին՝ 33:

Ղափլանյանը թվարկեց նաև էլեկտրամոբիլների բնապահպանական և այլ առավելությունները: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէ առաջարկին: Նրա կարծիքով՝ պետք է հարցը ևս մեկ անգամ քննարկվի:

«Դեռ միանշանակ չէ, որ սա սպառողի վարքագծի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնն է: Ընդամենը ենթադրություն է, որ ԱԱՀ-ից ազատելը կավելացնի ներմուծվող էլեկտրամոբիլների թիվը: Նույն էլեկտրամոբիլների էներգիան ստացվում է ոչ մաքուր աղբյուրներից: Խնդիր կա նաև այդ մեքենաների շարժիչների առումով, քանի որ որոշ ժամանակ անց ուտիլիզացման խնդիր է առաջանալու: Ավելի շատ տպավորություն է, որ առաջնորդվում ենք ժամանակակից թրենդով, քան հստակ հաշվարկով»,- նկատեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:

Ջանջուղազյանը նաև նշեց հարկային արտոնությունների խնդիրն առհասարակ:

«Կխնդրեմ հարկային արտոնությանը խնամքով վերաբերվենք»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համաձայն էր Ատոմ Ջանջուղազյանի հետ և առաջարկեց որոշման ընդունումը հետաձգել մինչև 2020 թվականը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ երկրում լիարժեք փոփոխություններ կլինեն, եթե կարողանան 3 բանից ազատվել: «Մեկն աղբն է, որ ամենուրեք է: Երկրորդը՝ բուտկաներն են, որոնք չգիտես՝ ոնց, որտեղ, ում կողմից ամենուրեք են և երրորդը՝ ավտոմեքենաների կարկասները, շատ դեպքերում մարդիկ դրանք տարիներով խնամքով պահում են իրենց բակում»,- նկատեց նա:

Վարչապետը խորհուրդ է տալիս ներկրել Էլեկտրամոբիլներ, որովհետև դրանով նաև ավելանալու են եկամուտները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս