loader
Մանդատը ստանալուց հետո մեր քայլերը միտված են լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն. Փաշինյան

Մանդատը ստանալուց հետո մեր քայլերը միտված են լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն. Փաշինյան

2018 թվականի նոյեմբերի դրությամբ կամ առանվազն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություններն՝ առանց բացառության: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ խոստացել էին, եթե ժողովուրդն արտահայտի իր կամքն, իրենք կապահովեն Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը խաղաղ ճանապարհով: Փաշինյանն ասաց, որ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է:

«Խոստացել էինք, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը կարվի ազատ կամարտահայտման միջոցով: Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքով մենք դա կատարել ենք»,- նշեց նա:

Երրորդ խոստումն, ըստ Փաշինյանի, անզիջում պայքարն է եղել կոռուպցիայի դեմ: Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ այս պարտավորությունը ևս կատարված է, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է:

«Ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք: Խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհը: Այսօր որևէ շուկայում մուտքի որևէ սահմանափակումներ չկան: Ի հայտ են գալիս նոր խաղացողներ: Հետևաբար պարտավորությունը կատարված է»,- կատարած աշխատանքն արձանագրեց վարչապետի պաշտոնակատարը:

Խոստումներից մեկն էլ արտոնյալ անձանց էր վերաբերում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խոստումը ևս կատարել են, և բոլորն օրենքի առջև հավասար են:

Ամփոփելով՝ ասաց, որ ՀՀ-ում իշխանությունն անբողջովին վերադարձված է ժողովրդին: Փաշինյանն ասաց, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններին ժողովրդից վստահության քվե է ակնկալում ՀՀ-ի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:

«Մանդատը ստանալուց հետո մեր քայլերը միտված են լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն: Մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական երկիր դարձնելու համար»,- նշեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս