loader
Մասնավոր բուհերը կմարեն. Սերոբ Խաչատրյան

Մասնավոր բուհերը կմարեն. Սերոբ Խաչատրյան

Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում:

Ըստ նախարարի՝ դեմոգրաֆիական գործընթացների արդյունքում, երբ ուսանողների թիվը կրճատվել է, տեղի է ունեցել նաև բուհերի ընդհանուր որակի անկում: Այս և այլ խնդիրները լուծելու նպատակով Արայիկ Հարությունյանը մասնավոր բուհերի ռեկտորներին առաջարկել է մտածել միավորվելու մասին: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ միավորվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Բացի այս, նրա խոսքով, ռեկտորների մեծ մասն այս առաջարկին համաձայն չեն լինի:

«Եթե դիմորդների թիվը քիչ է, կարող են միավորվել, բայց այստեղ մեկ խնդիր կա՝ մեր մասնավոր բուհերի մեծ մասը ռեկտորի նախագիծն է, և հիմա նա կարող է չցանկանալ, որ իր ծրագիրը միավորվի մեկ այլ ծրագրի հետ: Հնարավոր է հարց առաջանա՝ միավորման դեպքում ո՞վ կլինի ռեկտոր, ո՞վ կկառավարի ֆինանսները: Դժվար կարող են այս հարցերում համաձայնության գալ»,- Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Նա չբացառեց, որ միավորվել ցանկացողներ կլինեն: Այս տարբերակը ձեռնտու կլինի հատկապես փոքր բուհերի դեպքում: Այսօր շուրջ 30 մասնավոր բուհ է գործում: Իսկ մի քանի տարի առաջ նրանց թիվն 80-ից անցնում էր:

«Մեծ մասը կմարեն: Մարման եզրին գտնվողները, հնարավոր է, այս տարբերակին համաձայնվեն»,- նկատեց նա:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այս տարի բուհերի համար ծանր շրջան է: Դիմորդների պակաս ունեն թե՛ պետական, թե՛ մասնավոր համալսարանները: Պատճառը նախորդ տարվա համեմատ դիմորդների թվի գրեթե կրկնակի նվազումն է, ինչը 12-ամյա կրթական համակարգի ներդրման հետևանք է։ Մասնավոր բարձրագույն հաստատությունները դեռ դիմորդների են սպասում: Հուսով են պետական բուհ չընդունվողներն իրենց մոտ մասնագիտություն ստնալու կգնան:

«Սեպտեմբերին պատկերը պարզ կլինի: Պետական բուհերում 2-րդ փուլի դեռ ընդունելիություն է կատարվում: Անցյալ տարվա ու այս տարվա դասարանները բաժանվել են իրար մեջ: Մի դասարանը բաժանվել է երկու տարվա մեջ, դրա համար էլ թիվը քիչ է»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Ոչ պետական բուհերն այսօր ծանր վիճակում են: Նրանք, ըստ փորձագետի, պարտվեցին այն ժամանակ, երբ պետական համալսարաններին արտոնություններ տրվեցին:

«Նաև հեռակա բաժին բացվեց, ու մարդիկ գերադասեցին պետականի հեռական սովորել, քան մասնավոր ընդունվեն: Պետականում տարկետման իրավունք էր տրվում, իսկ մասնավորում՝ ոչ: Այս ժամանակ արդեն մասնավոր բուհերը ծանր հարված ստացան»,- շեշտեց նա:

Հնարավորությունները զարգացնելու և թափ հավաքելու համար մասնավոր կրթության ոլորտում ֆինանսական ներդրումների կարիք կա:

«Այդ բուհերը ֆինանսներ չունեն, որ սեփական դասախոսներն ունենան: Արդեն իսկ ծանր վիճակում գտնվող համակարգ է, լուրջ ներդրումներ են պետք»,- նկատեց մեր զրուցակիցը:

Փորձագետի դիտարկմամբ՝ կամաց-կամաց մասնավոր բուհերը կմարեն: Կմնան մի երկու խոշորները, բայց դրանք էլ երկար կյանք չեն կարող ունենալ: Աշխարհում լավ կրթություն տալիս են ոչ պետական բուհերը, մեր երկրում նույնը չես կարող ասել: Կրթության փորձագետը բացատրում է տարբերությունը. «Մասնավոր բուհերն այստեղ անհատների կողմից են ստեղծվում: Դրսում ստեղծողները հիմնադրամներն են, մարդկանց խմբեր, ովքեր կարող են լուրջ գումարներ ներդրել: Մի մարդ է այստեղ բուհ հիմնում, իսկ նրա ռեսուրսները սահմանափակ են: Բուհն այն ոլորտն է, որտեղ շատ արագ եկամուտ չես ստանա, Հայաստանում մարդիկ փող են դնում այնտեղ, որտեղ կարող են արագ շահույթ ստանալ: Մասնավոր բուհ ունենալն այդքան էլ շահավետ բիզնես չէ»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս