loader
Մի բուհն ատեստատ է հավաքում, մյուսից էլ միասնական քննություն են պահանջում. ռեկտոր

Մի բուհն ատեստատ է հավաքում, մյուսից էլ միասնական քննություն են պահանջում. ռեկտոր

Դիմորդների թվի կտրուկ անկման պատճառով այս տարի Հայաստանում գործող պետական և ոչ պետական բուհերը փաստի առաջ են կանգնել։ Իրավիճակը ճգնաժամային է գնահատել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նախօրեին հանդիպել է ոչ պետական բուհերի ղեկավարների հետ և որպես խնդրի լուծման տարբերակ՝ առաջարկել մտածել միավորվելու մասին: Արայիկ Հարությունյանի առաջարկը բուհերի ղեկավարները միանշանակ չեն ընդունել: «Գլաձոր» համալասարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը Հայաստան 24-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ միավորվելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Ռեկտորի խոսքով՝ պետք է հստակեցնել, թե ովքեր են միավորվում և ինչ արժեհամակարգի կրողներ են:

«Միավորել հասկացությունը շատ լավ հասկացություն է, բայց միավորվել՝ խոշորանալ կարող են միայն նույն արժեհամակարգին պատկանող սուբյեկտները: Երբ մի բուհը ստեղծել է ամեն ինչ, դա բուհ է կոչվում, մյուսն այստեղ կամ այնտեղ մի երկու սենյակի մեջ գոյատևում է՝ վարձակալությամբ, դրա ի՞նչն են միավորում»,- մտահոգություն հայտնեց նա:

Ռեկտորի պատկերացմամբ՝ այս առաջարկի նպատակն այն է, որ պետք է գոյատևի այն ոչ պետական բարձրագույն կրթական հաստատությունը, որը բուհ կոչվելու իրավունք ունի:

«Ավելի հեշտն այն է, որ բոլոր այն բուհերը, որոնք բուհ կոչվելու իրավունք չունեն, փակվեն: Եթե բուհի պահանջներին չի համապատասխանում, ինչի՞ է այդ անունը կրում: Նախարարության մոտեցումը ճիշտ է»,- ընդգծեց «Գլաձոր» համալսարանի ղեկավարը:

Ժորա Ջհանգիրյանն այս հարցը բարձրաձայնում է 1995 թվականից մինչ օրս, երբ Հայաստանում սնկի պես համալսարաններ էին աճում:

«Այն ժամանակ ասում էին, որ շուկայական հարաբերոթյուններ են, պետք է ազատ մրցակցություն լինի: Այն եկավ գնաց, ոչ մի մրցակցություն էլ այդպես էլ չձևավորվեց, որովհետև պետական քաղաքականությունն այլ ձևով էր արվում: Աշոտյանական կառավարման համակարգում ամեն ինչ վարկաբեկվեց, արժեքները հավասարվեցին, արդյունքում խնդրի առջև կանգնեցին մասնավոր և պետական բուհերը»,- նկատեց նա:

Ռեկտորի դիտարկմամբ՝ պետական համալսարաններում էլ վիճակն այն չէ: Դրանք էլ կրթության որակի և ուսանողների քանակի խնդիր ունեն:

«Երբ մի բուհը 54 մասնագիտությամբ ընդունելություն է կազմակերպում, դա նորմալ չէ: Ագրարային համալսարանն ատեստատներ է հավաքում: Նրանց իրավունք է վերապահվում միայն ատեստատով դիմորդ ընդունել, իսկ մասնավորներին պարտադրում են, որ միասնական ընդունելիության քննություններով ընդունելություն կատարեն, դա էլ բարոյական չէ: Ճիշտ չէ, որ գյուղատնտեսական կրթություն տվող բուհը նաև իրավաբաններ է պատրաստում: Սա էլ աննորմալ երևույթ է»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մասնավոր բուհերով վերջին տարիներին դիմորդների թիվը գնալով պակասում է, ըստ Ջհանգիրյանի, ամեն տարի ամենաքիչը 20-30 տոկոսով: Այս ամենն, մասնավոր բուհի ղեկավարի խոսքով, այն բանի հետևանքն է, որ կրթությունն այսօր մեր երկրում փորձադաշտ է դարձել: Ժորա Ջհանգիրյանն ասաց, որ կրթության ոլորտում միայն մասնավոր բուհերը չեն, որ խնդիր են: Ռեկտորի կանխատեսմամբ՝ նման պայմանների դեպքում 2 տարի անց մասնավոր բուհերի զգալի մասը կմարեն:

«2 տարի հետո բոլորն էլ կարող են փակվել: Աշոտյանի կառավարման համակարգում դրված էր այնպես անել, որ մեխանիկորեն բոլոր բուհերը մարեն: Պետության ներսում այդպիսի քաղաքականություն չպետք է դրված լինի: Հակառակը՝ այն բուհերը, որոնք կարող են լավ կրթություն ապահովել, պետք է պետությունը նրանց օգնի»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս