loader
Նախկին իշխանությունը մեզ տեր չկանգնեց, ո՞ւր գնաց այդ գումարը, ո՞վ կերավ. արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում. լուսանկարներ

Նախկին իշխանությունը մեզ տեր չկանգնեց, ո՞ւր գնաց այդ գումարը, ո՞վ կերավ. արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում. լուսանկարներ

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում արծվաշենցիները: Նրանք բողոքում են, որ Արծվաշենը հանձնելուց հետո պետությունն իրենց ուշադրություն չի դարձել՝ փոխհատուցում չեն ստացել: Նրանք այսօր բնակվում են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, շատերը տուն էլ չունեն, ունեցածներն էլ հին փայտե տներ են, որոնք փլուզման եզրին են:

«Մարդիկ 20 դրամի համար ճանապարհ են փակում, բայց այսօր մենք բնակարանի խնդիր ունենք, գույք չունենք»,- ասացին բողոքի դուրս եկած բնակիչները:

Արծվաշենցիների խոսքով՝ նախկին կառավարությունը յուրաքանչյուր ընտանիքի 1 միլիոն տալու էր, ո՞ւր գնաց այդ գումարը, ո՞վ կերավ, գյուղը նվիրել է Ադրբեջանին, իսկ իրենք մնացել են դրսում:

«Նախկին իշխանությունը մեզ տեր չկանգնեց, տուն ենք կորցրել, գույք ենք կորցրել, մեզ քցել են «քուչեն» և մեզ տեր չկանգնեցին: Մեզ ուզում էին կոտորել, լցնել լիճը, որ մեզնից պրծնեն»,- ասաց նա:

1992 թվականից հետո արծվաշենցիները բնակություն են հաստատել Ճամբարակում՝ մոլոկանների տներում, որոնք փայտաշեն են: Նրանք այսօր տեղեկացրեցին, որ նախկինում իրենց պետք է փոխհատուցում տրվեր, բայց այդ գումարները չեն ստացել:

«6 միլիարդ պետք է տային, դա կառավարության որոշումն էր, այդ թղթերը կան: Ժողովրդին 1 միլիարդ էլ չի հասել՝ 360.000 դրամ ստացել են: Մեկն իրա կավի տան տանիքն է վերանորոգել, մեկի տան տակն է փլվում, դա է սարքել»,- ներկայացրեց նա:

Նրանք ասում են՝ շուրջ 200 կիլոմետր են կտրել և Երևան հասել: Պահանջում են վարչապետի հետ հանդիպում, որպեսզի իրենց խնդիրները ներկայացնեն:

«Մեր պահանջները շատ չեն, ամեն պատգամավորի երեխայի «մառոժնիի» գումար: Մենք տան փոխհատուցում չենք ուզում, որովհետև մեր Արծվաշենի տները միլիոններ արժեն, ուզում ենք օգնեն, որ մեր քանդվող տները վերանորոգենք»,- նշեց նա:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ չեն հեռանա մինչև չհանդիպեն վարչապետին: Հակառակ դեպքում ասում են, որ կբոյկոտեն և չեն մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին և կլքեն սահմանամերձ Ճամբարակն ու կգնան Ռուսաստանի Դաշնություն: Բողոքի ակցիայի մասնակիցների խնդիրները լսեց Պետական վերահսկողության ծառայության ներկայացուցիչը և ասաց, որ կուսումնասիրի արծվաշենցիների խնդիրները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս