loader
Նիկոլն ասում է՝ կոլխոզ ստեղծեք, լիզինգով տեխնիկան կտանք, դա անթույլատրելի է. փորձագետ

Նիկոլն ասում է՝ կոլխոզ ստեղծեք, լիզինգով տեխնիկան կտանք, դա անթույլատրելի է. փորձագետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հիմա հնարավոր է կոլխոզներ ստեղծել առանց ստալինյան բռնաճնշումների: Ըստ նրա՝ մարդիկ չեն օգտվում դրանից ու բողոքում են, որ սովխոզներ հիմա չկան։ Մասնագետները դեռ չեն շտապում պնդել, թե հողերի կառավարման վարչապետի պաշտոնակատարի առաջարկած տարբերակը գյուղացու հոգսը կթեթևացնի:

«Չի կարելի այդ ձև ասել, պետք է մասնագետներ աշխատեն այդ ուղղությամբ: Նախ կոլխոզ այսօր չի կարող ստեղծվել ինչի՞ համար, որովհետև նախ պետությունը չի վերցնի պատասխատվությունը: Նիկոլն ասում է՝ կոլխոզ ստեղծեք, մենք լիզինգով տեխնիկա կտանք: Լիզինգով տեխնիկան՝ դա առևտուր է անում պետությունը գյուղացիների հետ, որն անթույլատրելի է մի երկրում, որտեղ գյուղացիների հիմնական մասը խրված է օրեցօր աճող վարկերի, պարտքերի մեջ: Այդ նույն ձևով մտածում էր նաև Հայաստան խոպան եկած Կարեն Կարապետյանը, նույն ձևի էլ մտածում է Նիկոլ Փաշինյանը»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նկատեց «Ֆերմային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ կոլխոզները Խորհրդային միության ժամանակ հաջողված տարբերակ էին: Միության փլուզումից հետո մեր երկիրն այս ոլորտում իր վրայից պատասխանատվությունը գցելու համար հողը սեփականացրեց՝ վերացնելով կոլխոզները:

«Դա ավելի շուտ կարելի էր քաղաքական ակցիա դիտարկել նախկին իշխանությունների կողմից: Մեր երկրում սկսեցին իրականացնել սխալ ագրարային քաղաքականություն: Նախկին իշխանություններին պետք էր այնպիսի ծրագրեր իրականացնել, որ իրենք մեջը փող աշխատեն, և ոչ թե գյուղացին շահի»,- մատնանշեց նա:

Այսօր էլ գերադասելի է նույնը կիրառել, բայց ֆինանսնական միջոցներն են սուղ, իսկ այն հսկայական ներդրումներ է պահանջում: Մասնագետն այլ տարբերակ է առաջարկում:

«Պետք է պետական միջոցներով և հսկողությամբ ստեղծվի պետական գյուղտեխնիկա միավորումներ: Այպիսի բան պետք է լինի, որ հեղափոխություն լինի գյուղատնտեսության մեջ»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի որոշ համայնքներում կամավոր սկզբունքով գործում են գյուղատնտեսական կոոպերատիվներ: Ի տարբերություն կոլխոզների՝ այս միավորումներում յուրաքանչյուրի սեփականությունը կմնա իրենը, և ցանկացած պահի մարդը կարող է մտնել ու դուրս գալ այդ կոոպերացիայից: Բայց այստեղ էլ, ըստ Սեդրակյանի, ամեն ինչ հարթ չէ, և դրա համար էլ այն չի զարգանում:

«Կոոպերատիվների ստեղծման անվան տակ մեծ գումարներ եկավ Համաշխարհային բանկի կողմից: Սովետական միության ժամանակ գյուղում կար երկու իշխանություն՝ գյուղսովետը, որը հիմա համայնքապետարանն է և կոլխոզը, որը գյուղացիական կոոպերատիվներն են, որոնք այսօր որոշ տեղերում ձւևավորվել են: Հիմա այսօր կոոպերատիվները ստեղծվել են, և համայնքապետերը խցկվել են դրա մեջ, իրանց մարդկանց դրել, տեխնիկա են տվել, բայց բերել են այն, իրենց դուռը կանգնեցրել և աշխատացնում են»,- պատճառներից մեկը թվարկեց փորձագետը:

Մանյա Պողոսյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս