loader
Որ փորձը փորձանք չդառնա

Որ փորձը փորձանք չդառնա

Մինչ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ակնհայտ բարձր տրամադրությամբ և կատակելով վարում էր կառավարության հերթական նիստը, դրսում բողոքող քաղաքացիներին էին միացել բողոքողների նորանոր խմբեր: Ինչպես պարզվեց, կառավարության նիստում քննարկվում էր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի քիմիական երկու մասնաշենքերն օտարելու հարցը:

Բողոքի ակցիայի մասնակից, երիտասարդ գիտնական Շուշանիկ Դաշյանը Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց, որ ունեն 280 աշխատակից, որից 220-ը գիտաշխատողներ են: Հիմա ցանկանում են իրենց աշխատակիցներին, այսինքն՝ բոլոր գիտաշխատողներին տեղավորել երեք մասնաշենքերում:

«Սա անհանգստանալու տեղիք է տալիս, քանի որ քիմիկոսի աշխատանքն ամենավտանգավորներից է: Անվտանգության տեսանկյունից ուղղակի անհնար է, որ 5 քիմիկոս գտնվեն մեկ լաբորատորիայում, որովհետև գիտահետազոտական փորձերի ընթացքում վտանգավոր միջադեպերն անխուսափելի են: Նույնիսկ, երբ ժամանակին Մնջոյանը կառուցել է այս կենտրոնը, հաշվի է առել այն հանգամանքը, որ քիմիկոսի աշխատանքը վտանգ է պարունակում, և այդ իսկ պատճառով լաբորատորիաները տեղակայված են առանձին, փոքր կորպուսներում: Որ Աստված մի արասցե, եթե մի տեղ պայթյուն տեղի ունենա, մյուսները չվնասվեն: Հիմա, փաստորեն, այդ ամենն արհամարհել են, փորձում են գիտական փորձ կատարողներին փոքրիկ կորպուսներում, խիտ պայմաններում աշխատեցնել»,- ասաց նա՝ նկատելով, որ զարմանալիորեն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, մարդիկ չեն հասկանում՝ ինչ են անում:

Երիտասարդ գիտնականը հայտնեց, որ իրենց խնդրի մասին տեղեկացրել ենք ԿԳ նախարարությանը: Նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ է եկել, բացատրել են հարցի լրջությունը, ներկայացրել են խնդիրները, սակայն, փաստորեն, այսօր կառավարության կայացրած որոշումով արհամարհում են գիտնականներին ու նրանց կատարած աշխատանքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս